Փաշինյանը կրկին զրուցել է Պուտինի հետ՝ վերջին երկու օրում երկրորդ անգամ

Nikol-Pashinyan-Putin-12-scaled-1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին երկու օրում երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական ստորաբաժանումների՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետևանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր: Վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»,- ասված է վարչապետի աշխատակազմի ապրիլի 1-ին տարածած հաղորդագրությունում։

Երեկ՝ մարտի 31-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Կրկին քննարկվել էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում, սակայն ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։