Ռուսաստանի կազմ մտնելու հանրաքվեն Արցախին գործնական օգուտ չի բերի

russian flag amaras nk

Վերջին օրերին Արցախի հանրային դաշտում սկսել է տարածում ստանալ հանրաքվե անցկացնելու միջոցով Ռուսաստանի կազմ մտնելու թեման: Սոցիալական ցանցերի տարբեր օգտատերեր, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ, իրենց գրառումների մեջ առաջ են քաշում այդ գաղափարը՝ նշելով, որ Արցախին սպառնացող գոյութենական մարտահրավերների պարագայում դա միակ լուծումն է, որը կարող է ապահովել Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը:

Նմանատիպ տրամադրություններին անդրադարձ կատարելու կարիք չէր լինի, եթե դրանք չարտահայտեին նաև Արցախի իշխող էլիտայի մի մասի մոտեցումները: Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ խոսակցությունները հատկապես ակտիվացել են Բաքվի նախաձեռնած վերջին սրացումից հետո, երբ ադրբեջանական զորքերը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները, զավթել էին Փառուխ գյուղն ու Քարագլուխ բարձունքը:

Այդ առումով անհրաժեշտ է նշել, որ Հայաստանում, կարծես թե, լիովին չեն պատկերացնում իրավիճակի ողջ լրջությունը: Ստեփանակերտում բավական հիմնավոր մտավախություններ կան, որ ադրբեջանական այս վերջին սրացումը միայն գործընթացի սկիզբն է, և Բաքուն մոտ ապագայում փորձելու է զավթել արցախյան մի շարք այլ գյուղեր ու վերահսոկղություն հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների նկատմամբ՝ իրականացնելով սողացող օկուպացիայի ու էթնիկ զտման քաղաքականություն:

Ստեփանակերտում առկա մտավախությունների խորացմանը մեծապես նպաստում են նաև ղարաբաղյան համատեքստում պաշտոնական Երևանի վերջին շրջանի մոտեցումներն ու քայլերը:

Հայաստանի իշխանությունները 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ավարտից հետո զգալիորեն մեղմացրել ու լղոզել են Արցախյան հիմնահարցում իրենց մոտեցումները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք խնդրահարույց հայտարարություններ է արել հակամարտության թեմայով նախորդ տարվա վերջին, իշխանական մի շարք պատգամավորներ հանրային դաշտ են պարբերաբար մտցնում այն գաղափարը, որ պետք չէ բացառել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո զգալիորեն նվազել է նաև Երևանի ու Ստեփանակերտի փոխգործակցությունը ռազմաքաղաքական հարցերում: Ավելին, ԼՂՀ իշխանությունները հստակ պատկերացում չունեն, թե որն է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Այս երկու կարևորագույն հանգամանքը՝ Ադրբեջանի սողացող օկուպացիայի ու էթնիկ զտման քաղաքականությունը և Երևանի պասիվությունը ղարաբաղյան համատեքստում, հուսահատության մթնոլորտ են ստեղծել Արցախում որոշում կայացնողների շրջանում: Դա է պատճառը, որ արցախահայության ֆիզիկական անվտանգությունը ապահովելու հարցում Արցախի իշխող էլիտան փորձում է այլընտրանքային լուծումներ փնտրել:

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ մի կողմ ենք դնում հարցի էթիկական մասը, զուտ գործնական առումով Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեի կազմակերպումը չի նպաստելու Արցախում առկա անվտանգային որևէ սպառնալիքի չեզոքացմանը: Ավելին, այդպիսի որոշումը կարող է նաև լուրջ հարված հասցնել Արցախի կենսական շահերի պաշտպանության գործընթացին:

Այդպիսի քայլը անարդյունք է լինելու առաջին հերթին այն պատճառով, որ դա առնվազն այս պահին Արցախի միացումը Ռուսաստանին ակնհայտորեն չի բխում Մոսկվայի շահերից: Կրեմլի համար առաջնային կարևորություն ունի Ադրբեջանում ազդեցության պահպանության խնդիրը, և քաղաքական միամտություն կլինի մտածել, թե Ռուսաստանը կարող է Արցախը սեփական կազմ մտցնելու որոշում կայացնել: Մոսկվայի այդ քայլը անմիջապես կզրոյացնի Ռուսաստանի ողջ ազդեցությունը Ադրբեջանում: Այս պարագայում նմանատիպ հանրաքվեի միակ նպատակը լինելու է Ռուսաստանին սիրաշահելը ու հավատարմություն հայտնելը, ինչը, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, անարդյունավետ քաղաքականություն է:

Ինչպես արդեն նշվել է, Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեի անցկացումը ոչ միայն չի նպաստելու առկա մարտահրավերների հաղթահարմանը, այլև հավելյալ լուրջ խնդիրներ է առաջացնելու: Նմանատիպ որոշումը լուրջ հարված կլինի Արցախի միջազգային իմիջին ու կարող է փոխել միջազգային կարևոր դերակատարների դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության հարցում:

Ստեփանակերտը պետք է գիտակցի, որ Արցախի շուրջ անվտանգային մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է ոչ միայն ռազմական գործիքակազմի կիրառում: Մեզ համար այս փուլում կարևոր է, որ արևմտյան ընկալումներում Արցախը չնույնականանա հետխորհրդային տարածքի այլ դե ֆակտո պետությունների հետ: Բարեբախտաբար, նույնիսկ ռուս-արևմտյան աննախադեպ դիմակայության պայմաններում հավաքական Արևմուտքի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում շարունակում է մնալ բալանսավորված: Այդ մասին են, մասնավորապես, վկայում Փառուխի ու Քարագլուխ բարձունքի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի արած հասցեական հայտարարությունները: Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի անցկացումը և նույնսիկ դրա շուրջ խոսակցությունները կարող են փոփոխություն մտցնել Արևմուտքի հավասակաշիռ դիրքորոշման մեջ՝ ոչ ի օգուտ Արցախի:

Վերոնշյալ հանրաքվեի վերաբերյալ խոսակցությունները ու առավել ևս նման հանրաքվեի անցկացումը ամրապնդելու են նաև հայաստանյան որոշ շրջանակների կողմից տարածվող այն թեզը, ըստ որի Հայաստանը Արցախյան հիմնահարցում այլևս անելիք ու ասելիք չունի, իսկ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտին է: Այս ամենի արդյունքում Երևանի ներգրավվածությունը Արցախի հետ առնչվող հարցերում կարող է էլ ավելի նվազել:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարը բավականին վտանգավոր է: Նմանատիպ հանրաքվեն Արցախին որևէ գործնական դիվիդենտ չի բերելու և չի կարող նպաստել Արցախի շուրջ ստեղծված լրջագույն անվտանգային ճգնաժամի լուծմանը: Ավելին, այդ քայլը նաև կարող է նոր մարտահրավերներ ստեղծել Արցախի համար: Արցախի իշխանությունները գոյություն ունեցող խնդիրների լուծումները պետք է փնտրեն երկրի ներսում ու հայկական տիրույթում:

Մեկնաբանել