Ապրիլի 3-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն։
Մինչ հանդիպումները Իտալիայի արտգործնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցշել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լուիջի Դի Մայոն հանդիպումներ է ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Փաշինյանի և Միրզոյանի հետ իտալացի պաշտոնյան քննարկել է տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունները, հատկապես՝ էներգետիկայի ու ենթակառուցվածքների ոլորտներում։ Կարևորվել է նաև կրթության ու մշակույթի ոլորտում կապերի խորացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին․ «Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Իտալիայի ԱԳ նախարարը նշել է, որ իտալական կողմն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Արտգործնախարարների երկկողմ հանդիպմանը հաջորդել են նախարարների մամուլի համար հայտարարությունները: