Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցներ կվերակառուցվեն

Գյումրիի պատմական կենտրոնի «Սլաբոդկա» թաղամասի մի քանի փողոց կվերակառուցվի, ընթանում են նախագծային աշխատանքներ։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։ Այն իրականացվելու է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրով, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ։

Ինչպես հայտնում են Տարածքային զարգացման հիմնադրամից, ծրագրով նախատեսված է վերակառուցել Ջիվանի փողոցը՝ Գայի փողոցի հատումից մինչև Տերյան փողոցի հատումը, Աճեմյան փողոցը՝ մինչև Տերյան փողոցի հատումը, Հանեսօղլյան փողոցը՝ մինչև Տերյան փողոցի հետ հատումը, Տերյան փողոցը, Նալբանդյան փողոցը՝ մինչև Օզանյան փողոցի հետ հատվող հատվածը։ «Նշված հատվածներում նախատեսվում է փողոցների երթևեկելի հատվածների ու մայթերի վերանորոգում, ծածկույթների փոխարինում, ըստ անհրաժեշտության՝ տների մուտքերի կանոնակարգում, անձրևաջրերի հեռացման համակարգի վերակառուցում, կոյուղագծերի վերակառուցում, արտաքին լուսավորության կազմակերպում»- տեղեկացրել են հիմնադրամից։ Բացի այս, տարածքը բարեկարգվելու է, հարմարեցվելու սակավաշարժ խմբերին, տեղադրվելու են զբոսաշրջային ցուցանակներ։

Ծրագրի բյուջեն կազմում է 4,2 մլրդ դրամ, վերականգնման ենթակա է հինգ փողոց։ Այն փողոցները, որոնք ներկայում կառուցված են չորսվակասալերով (булыжник), կփոխարինեն նորերով, ասֆալտապատ փողոցները կփոխարինվեն նոր ասֆալտով, մայթերը սալիկապատվելու են։

Հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը հայտնել է՝ նախատեսվում է, որ նախագծային աշխատանքները կավարտվեն տարեվերջին, ավարտը կախված է նաև ընթացիկ բարդություններից, տեխնիկական լուծումներից։ Նախագծման աշխատանքները սկսվել են միայն 2021-ի հոկտեմբերի 18-ից։ Գյումրիի այս հատվածի վերակառուցման մասին խոսվում էր դեռ 2019-ից։

Տարածքային զարգացման հիմնադրամից հույս են հայտնել, որ շինարարությունը կավարտվի 2023-ի երկրորդ կիսամյակում։ Նախագծման աշխատանքներին հաջորդելու է շինարարական մրցույթը։