2022-ի առաջին եռամսյակում հարկերի հավաքագրումը գերակատարվել է 5,2 մլրդ դրամով կամ 1,3%-ով․ ՊԵԿ

economy

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2022-ի հունվար-մարտ ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները, ըստ որի՝ հարկային մուտքերը գերակատարվել են 5,2 մլրդ դրամով կամ 1,3%-ով: Կառավարության որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 395,4 մլրդ դրամ, իսկ փաստացի մուտքերը կազմել են 400,6 մլրդ դրամ:

2021-ի նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 332,9 մլրդ դրամ, 2020-ին՝ 349 մլրդ դրամ, իսկ 2019-ին` 299,7 մլրդ դրամ:

«2022-ի 1-ին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 51,3 մլրդ դրամ: 2021-ի հունվար-մարտ ամիսների համեմատ աճը կազմել է 13,4 մլրդ դրամ կամ 35,5%»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում։

Կոմիտեից հայտնում են նաև, որ 2022-ի 1-ին եռամսյակում նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը՝ կազմելով շուրջ 128,8 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 1 տրլն 947.8 մլրդ դրամ։ 2021-ի համեմատ գործարքների քանակն ավելացել է շուրջ 10,8 մլն հատով կամ 9.1%-ով, իսկ 2020-ի համեմատ` 17,4 մլն հատով կամ 15,7%-ով։