Սահմանապահ Այգեպարում դարձյալ բնակարանամուտ է նշվել

Տավուշի մարզի Այգեպար գյուղում, հակառակորդի դիրքերից ընդամենը 400մ հեռավորության վրա, բնակարանամուտ է նշվել: Սադյանների ընտանիքն արդեն մի քանի ամիս նոր տանն է ապրում: Տարիներ առաջ, իրենց առաջնեկի հետ Այգեպար եկած երիտասարդ ամուսինները՝ Աշոտն ու Քրիստինեն, այժմ արդեն չորս զավակի ծնողներ են: Վեց տարի վարձով ապրելուց հետո, երիտասարդ զինվորականի ընտանիքը վերջապես իր տունն է գնել ու հիմնանորոգել այն: Վիվա-ՄՏՍ-ի և Ֆուլեր տնաշինական կենտրոնի աջակցության արդյունքում, գյուղը շեն պահելու՝ Սադյանների ձգտումն ավելի ամուր է դարձել:

«Ամուսինս պայմանագրային զինծառայող է: Աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Այգեպար ապրելու ու սիրահարվեցինք այս գյուղին: Շատերի համար կարող է տարօրինակ թվալ, որ մեր պատուհաններից երևում են հակառակորդի դիրքերը, բայց մենք այստեղ ենք ուզում ապրել, երեխաներ ունենալ ու մեծացնել: Սա է մեր տունը, եթե մենք այն չշենացնենք, ապա՝ ո՞վ», -ասում է ընտանիքի մայրը՝ Քրիստինեն:

Վիվա-ՄՏՍ-ն ու Ֆուլեր տնաշինական կենտրոնը շարունակում են հատուկ ուշադրության կենտրոնում պահել հատկապես սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Սահմանն ամրացնելու՝ գործընկերների ջանքերը հետևողական են: Միայն Տավուշի մարզում, վերջին տասը տարվա ընթացքում, բնակարանաշինության ծրագրով՝ աջակցություն է ստացել 86 ընտանիք, որից 22-ը՝ Այգեպար գյուղում:

«Գիտեմ, որ ձեր պատուհանից երևացող տեսարանը ստիպում է, որ զգոն լինեք: Գիտեմ նաև, որ զինվորականի ընտանիքում առավել լավ են գիտակցում սահմանապահ գյուղում ապրելու բարդությունը: Չեմ կարող հիացմունքս չարտահայտել բոլոր այն ընտանիքների նկատմամբ, որոնք ամուր են, չեն կոտրվում, լավատեսությունը չեն կորցնում և իրենց հայրենասիրությունն արտահայտում են ամեն օր ապրած կյանքով: Մենք էլ նման ծրագրերի և ենթակառուցվածքներ զարգացնելու միջոցով՝ ձգտում ենք ձեր կողքին լինել»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բազմիցս նշել ենք, որ սահմանի եզրագծին բնակվող ընտանիքները կենդանի վահան են, տոկունության, արիության այն պատնեշը, որ ամուր է պահում մեր երկիրը: Մեր նպատակն է բավարար պայմաններ ստեղծել մայրաքաղաքից հեռու ապրող այս ընտանիքների համար, որպեսզի բազում հոգսերի մեջ ազատված լինեն գոնե կենցաղային դժվարություններից», – ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ բնակարանաշինության ծրագիրի շրջանակներում, Հայաստանի բոլոր մարզերում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք:

***

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26 000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորն է։ Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86,5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում։ 2000-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ։ Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com:

***

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

Մեկնաբանել