«Ես ուզում եմ հաղթահարել պատերազմը»

Ինչպե՞ս են արցախցի երեխաները հաղթահարում հետպատերազմյան սթրեսը։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է հոգեբան Սիլվա Աշխարյանի հետ։ Հոգեբանի խոսքով՝ Արցախի երեխաները տոկուն են, հայրենասեր, ուժեղ կամքով, հեշտությամբ կարող են հաղթահարել սթրեսները և վախերը։

Սիլվա Աշխարյանը

Կպատմե՞ք ձեր աջակցության թիմի աշխատանքների մասին, քանի՞ հոգուց է բաղկացած թիմը։

– Ասկերանի շրջանում ունենք երեք թիմ։ Աջակցության թիմն այցելում է գյուղեր և ըստ նպատակի՝ աշխատանքներ կատարում հատուկ կարիք ունեցող երեխաների հետ։

Աջակցության թիմում ներառված է հատուկ մանկավարժ, սոցմանկավարժ և հոգեբան: Յուրաքանչյուրն ունի իր աշխատանքային պարտականությունները, հատկապես հետպատերազմյան շրջանում աշխատանքը այլ բնույթ է կրում, այսինքն, մենք աշխատում ենք ավելի ծավալուն, խորացված և նպատակային՝ սահմանամերձ գոտիներում և այն շրջաններում, որտեղ բնակչությունը տարհանված է պատերազմի արդյունքում։

Պատերազմի ժամանակ տարհանված երեխաների մեծ մասը լսել է արկերի պայթյունները, տեսել ծնողների վախը, անհանգստությունը, և այդ ամենը, բնականաբար, անդրադարձել է նրանց հոգեկան վիճակի վրա։

Սոցմանկավարժը այցելում է ընտանիքներ, երևան է հանում հատուկ կարիք ունեցող երեխաների սոցիալական միջավայրը, ծանոթանում նրանց կարիքներին, և հնարավորության դեպքում մենք որոշ չափով բարելավում ենք նրանց կարիքները՝ կցելով որևէ բարեգործի, կազմակերպության, որոնք սոցիալական օգնություն են կազմակերպում։

Հատուկ մանկավարժը երեխաներին ծանոթացնում է գրելու, կարդալու պարզագույն տեխնիկային, այսինքն կոնկրետ մանկավարժական գործունեություն է ծավալում։ Իսկ հոգեբանի գործունեության շրջանակները ավելի են ընդլայնվում, որովհետև հետպատերազմյան շրջանում երեխաների հոգեկան վիճակի ուղղությամբ անհրաժեշտ է տանել բազմաբնույթ աշխատանք․ նրանց մեջ կա վախ, տագնապ, վատ սպասումներ, բարձր ձայների նկատմամբ տարբեր արձագանքներ։

– Ձեր աջակցության թիմը քանի՞ գյուղի է կցված։

-Կցված է հինգից-վեց գյուղի, մենք հասցնում ենք ամսական ամեն գյուղ այցելել ամենաշատը երկու անգամ, որը հատուկ կարիք ունեցող երեխաների համար շատ քիչ է, և դա չի կարող լավ արդյունք տալ։ Այդ նպատալով հատկապես գյուղական դպրոցներում պետք է լինի հոգեբան, որպեսզի կարողանա երեխաների հետ կայուն աշխատել, հատկապես հետպատերազմյան շրջանում հոգեբանի ներկայությունը պարտադիր է։

– Երեխաների հոգեբանության վրա պատերազմի ազդեցության ո՞ր կողմերը կշեշտադրեիք։

-Ազդեցությունը ավելի շատ նկատվում է դեռահասների մոտ։ Սթրեսներից նկատվում են կակազումներ, գիշերամիզություն, լարվածություն, որոշների մոտ էլ ապագայի նկատմամբ թերահավատություն, սեփական կարիքները չզսպելու կարողություն, սննդի նկատմամբ մեծ հակում, օրինակ, Նախիջևանիկի դպրոցում մենք ունենք մի երեխա, որի մոտ սթրեսներից շատակերություն է սկսվել։ Ունենք նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, օրինակ, Ասկերանի դպրոցում ունենք երեխա, որը բոլոր աշակերտների վրա թքում էր, շորերը քաշքշում։ Աշակերտների, ուսուցիչների և մեր աջակցության թիմի երկարատև ջանքերի շնորհիվ երեխան դադարել է այդպես վարվել։

– Կոնկրետ ի՞նչ եղանակով են անցկացվում աշխատանքները՝ դասերի՞, թեստերի՞, զրույցների՞, թե՞ այլ եղանակներով։

Մեր թիմը այցելել է դպրոցներ, հանդես եկել հոգեբանական ակտուալ թեմաներով, ինչպիսիք են վախը, սթրեսները և դրանց հաղթահարումը։ Հիմնականում կատարում ենք թեստային աշխատանքներ, ունենում զրույցներ, կազմակերպում խաղեր։ Լավ արդյունքի է հասել «Պապն ու շաղգամը» դերասյուժետային խաղը, «Կիկոսի մահը»։ Թումանյանի տարբեր տեսակի հեքիաթները մենք դերասյուժետային խաղերով վերլուծում ենք, հատկապես մինչև երրորդ դասարանի երեխաների հետ հեքիաթաթերապիան մեծ արդյունք է տալիս։ Երեխաները որոշ ժամանակ կարողանում են կտրվել իրականությունից, սթրեսներից։ Թիմային աշխատանքներից առաջ երեխաները չշփվող և ինքնամփոփ էին, բայց դասերից հետո սկսել են շփվել, խաղալ, կիսվել, ինչպես նաև ազատ արտահայտվել։

Երեխաներին օգնում է արտթերապիան

Անցկացնում ենք արթերապիա, որի ժամանակ նկարում ենք սրտիկներ ու դրանց մեջ գրում հույզեր, ինչպիսիք են՝ վախը, հուսահատությունը և այլն։ Երեխաներին ասում ենք, որ մատիտներով գունավորեն դրանք։ Շատ զարմանալի էր, բայց միայն մեկը «վախը» ներկեց կարմիր գույնով։ Մենք հարցրինք, թե ինչո՞ւ է հենց այդ գույնը ընտրել, նա պատասխանեց․ «Ես ուզում եմ հաղթահարել պատերազմը»։ Մյուսները ներկել էին սև գույնով, դեռ վախ կար։ Զրույցներ ենք ունեցել Նախիջևանիկի դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտների հետ։ Տղաների տրամադրվածությունը հայրենասիրական է․ ասում են, որ «մեր հողերը հետ ենք բերելու», իսկ աղջիկների մեծ մասի մոտ կա անորոշություն, նրանց զգալի մասը ցանկանում է ապրել և ուսումը շարունակել Արցախում, փոքր մասը գտնում է, որ պետք է հեռանա։

Այո՛, առաջընթաց անպայման է նկատվում և այն ժամանակ, երբ առկա է թիմային աշխատանք՝ ուսուցչի, ծնողի և աշակերտի։

Հարցազրույցը վարեց Բրյուսովի պետական համալսարանի գիտաուսումնական կենտրոնի երկրորդ կուրսի ուսանողուհի, ՍիվիլՆեթի՝ Գորիսում լրագրության դասընթացների շրջանավարտ Մանե Կարապետյանը