Այսօր տեղի է ունենալու ընդդիմության նախաձեռնած հանրահավաքը

Այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին «Ազատության» հրապարակում տեղի է ունենալու Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը։

«Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Այս ընթացքը պետք է կասեցնել»,- ասված է խմբակցությունների համատեղ հայտարարությունում։

Խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հավաքը կրելու է «պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» կարգախոսը․ «Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան։ Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նվաստացումն է և ինքնիշխանության կորուստը»,- նշված է հայտարարության մեջ։

Ընդդիմադիրները բոլորին հրավիրում են հանրահավաքի՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից՝ «կանգնելու կողք-կողքի, միասին ներկայացնելու պահանջները»։

Մեկնաբանել