Վրաստանը թույլ է տալիս Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները․ ուկրաինական հետախուզություն

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչություն Լուսանկարը՝ Դմիտրի Տրիկուտկո/Wikimedia Commons

OC Media

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը մեղադրել է Վրաստանի կառավարությանը նրանում, որ նա թույլ է տվել Ռուսաստանին մաքսանենգ ճանապարհներ ստեղծել իր տարածքով՝ պատժամիջոցներից խուսափելու համար:

Մարտի 4-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ «ռուսական գործակալները» մաքսանենգության ուղիներ են ստեղծում Վրաստանի տարածքով։

«Վրացական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին քաղաքական ղեկավարությունը հանձնարարել է չմիջամտել մաքսանենգների գործունեությանը»,- ասվում է հայտարարությունում։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ մաքսանենգ ճանապարհները ստեղծվել են ռազմական, երկակի նշանակության և քաղաքացիական ապրանքների ներմուծման համար, որոնք հայտնվել են արևմտյան վերահսկողության ներքո՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման:

«Վրացական երազանք» կուսակցության մի քանի առաջատար անդամներ արձագանքեցին՝ ենթադրելով, որ մեղադրանքները Վրաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» արդյունք են, որը վարում է վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

Վրաստանի ֆինանսների նախարարությունը նաև հայտարարություն է տարածել, որում կտրականապես հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ նրանք «խստորեն վերահսկում են» ներկրվող ու արտահանվող բեռները:

«Վրաստանի ֆինանսների նախարարությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ցանկացած տեսակի, ներառյալ ռազմական կամ երկակի նշանակության ապրանք, ինչպես նաև պատժամիջոցների ցանկում նշված ցանկացած ապրանք, ենթակա է մաքսային խիստ հսկողության վրացական իշխանությունների կողմից»։

Մեղադրանքները սկսել են հնչել մի ժամանակ, երբ ուկրաինա-վրացական հարաբերությունները պատմական ամենացածր մակարդակի վրա են: Ուկրաինան մարտի սկզբին հետ է կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար և դրանից հետո շարունակում է մեղադրել վրացական կառավարությանը՝ ռուսական ներխուժմանը համարժեքորեն չարձագանքելու համար:

Կիրակի օրը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ կրկնել էր, որ Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի