Սերժ Սարգսյանը կմասնակցի ընդդիմության այսօրվա հանրահավաքին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին: Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլ մասնակցելու է որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի»,- ասել է Աշոտյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին, ժամը 18:30-ին հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում:

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հանրահավաքին մասնակցության հարցում հստակություն դեռևս չկա: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից Sputnik Armenia-ին հայտնել են, որ երկրորդ նախագահը սպորտով զբաղվելու ընթացքում վնասվածքներ է ստացել և տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում, կմասնակցի նա հանրահավաքին, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից: