2022-ի հունվար-փետրվարին Հայաստանում գրանցվել է ավելի շատ մահ, քան ծնունդ

Հայաստանում 2022-ի հունվար-փետրվարին ժողովրդագրական պատկերը վատթարացել է: Տվյալ ժամանակահատվածում ծնվել է 5 344 երեխա, մահացել՝ 6 030 մարդ: Բացասական հավելաճը կազմել է – 686 (13 տոկոս): Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Համաձայն հրապարակման՝ ծնվածների թիվը տարվա առաջին երկու ամիսներին մեկ տոկոսով գերազանցում է 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, բայց 3,6 տոկոսով զիջում 2021-ի ցուցանիշին:

Մահացածների քանակն ավելի քան 18 տոկոսով գերազանցում է 2020-ի ցուցանիշը, 11 տոկոսով՝ 2021-ի ցուցանիշը: 2020-ի հունվար-փետրվարին բնական հավելաճը կազմել է 205, իսկ 2021-ին՝ 102:

Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 2 625 ամուսնություն, որը 6,2 տոկոսով գերազանցում է 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, 8,5 տոկոսով զիջում 2021-ի հունվար-փետրվարի ցուցանիշին:

Աճել են նաև ամուսնալուծությունները: 2022-ի հունվար-փետրվարին գրանցվել է 740 ամուսնալուծություն, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 579 ամուսնալուծություն, իսկ 2020-ին՝ 588 ամուսնալուծություն: