Հովիկ Աբրահամյանի ընտանիքի դղյակի վրա նորից սահմանափակումներ են կիրառվել․ Factor․am

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի՝ Ազատության պողոտայում գտնվող առանձնատան վրա դարձյալ սահմանափակումներ են կիրառվել։ Այդ մասին տեղեկացնում է Factor․am լրատվական կայքը, որի հարցմանն ի պատասխան, հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Ավելին՝ դատախազը դիմել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ առանձնատան օտարման գործարքն ուսումնասիրելու համար։

Սիվիլնեթը մարտի 7-ին հոդված էր հրապարակել այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի՝ Ազատության պողոտայում գտնվող շքեղ առաննձատունը վաճառվել է գործարար Նարեկ Նալբանդյանին։ Մինչ վաճառքը առանձնատունը որպես իրեղեն ապացույց գտնվում էր սահմանափակումների տակ ու դրա հետ գործարքներ չէին կարող իրականացվել։ Աբրահամյանների պաշտպանը բողոք էր ներկայացրել դատարան, դատարանը վերացրել էր առանձնատան սահմանափակումները։ Ու մինչ դատախազությունը կբողոքարկեր դատարանի որոշումը, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը դիմել էր Կադաստրի կոմիտե՝ առանձնատան սահմանափակումները հանելու համար։ Սահմանափակումները հանվել էին, Աբրահամյաններն այն 5,1 միլիոն դոլարով վաճառել էին գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը։

Այս իրադարձությունները դարձել էին Գլխավոր դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջև հակասությունների առարկա, կողմերն իրար էին մեղադրում գործարքի, դրա թույլատրման մեջ։

Բացի նոր սահմանափակումների մասին տեղեկությունը, «Ֆակտոր»-ին Գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ միջոցներ են ձեռնարկվում հողամասի դիմաց վճարված գումարների նկատմամբ օրենքով նախատեսված սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։ Այս քրեական գործով քննիչը հեռացվել է վարույթից՝ դատախազի որոշմամբ օրենքի խախտում թույլ տալու հիմքով։