Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի․ Սերժ Սարգսյան

«Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում իհարկե կախված են այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում». այս մասին ապրիլի 5-ին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավոր սցենարներին։

Խոսելով Արցախյան հակամարտությունը նախորդ 30 տարիներին հնարավոր տարբերակներով լուծելու հարցերի մասին՝ Սարգսյանը ասաց․ «Այդպիսի կոնֆլիկտները հնարավոր չէ նույնիսկ 30 տարում լուծել, ինչքան կարողացել ենք, այդքան այդ լուծումը մոտեցրել ենք։ Մեր մեղավորությունը չէ, որ եկան ինչ-որ մարդիկ, ասացին, որ իրենց կետից են սկսում, ձեր գործը չէ, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք և հասանք այս վիճակին»։

Արձագանքելով մեղադրանքներին, որ ինքը բանակցել է հողերը հանձնելու շուրջ, Սարգսյանը ասաց․ «Ասողը «ղալաթ» է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել, ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ, դրանից ելնելով մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փոխզիջումների»։

***

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին կհանդիպեն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

«Ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ Լեռնային Ղարաբաղում վերսկսված էսկալացիայի ֆոնին»,- նշվում է Շառլ Միշելի հանդիպումների շաբաթական ժամանակացույցում։

Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2021-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում։

Մեկնաբանել