Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում և ԼՂ-ում տեղի ունեցող գործընթացները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Փաշինյանն ու Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը:

«Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենի մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:

Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը անդրադարձ են կատարել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

Մեկնաբանել