Հայաստան – Ռուսաստան առևտուր. գազ՝ ստանում, ծիրան՝ տանում

Հովհաննես Նազարեթյան

Ռուսաստանը Հայաստանի քաղաքական և ռազմական դաշնակից լինելուց բացի նաև ամենակարևոր առևտրական գործընկերներից է։ Օրերս Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2021 թվականի արտաքին առևտրի մասին վիճակագրական տվյալներ, որոնց վերլուծությունը ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ներկայացնում է ստորև։

Հայաստան- Ռուսաստան առևտրի ծավալը

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2021-ին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2,63 մլրդ դոլար։ Ռուսաստանի հետ առևտուրը կազմում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 31,4 տոկոսը, իսկ ԵԱՏՄ երկրների հետ առևտրի 96 տոկոսը։

Նախորդ տարի Հայաստանից Ռուսաստան արտահանվել է ընդհանուր առմամբ 847 մլն դոլար արժողությամբ ապրանք, իսկ Ռուսաստանից ներմուծվել 1,782 մլրդ դոլարի ապրանք։ Առևտրի հաշվեկշիռը (ներմուծման և արտահանման տարբերությունը) կազմել է 935 մլն դոլար։

Ռուսաստանը կշիռը Հայաստանից արտահանումների մեջ կազմում է 28 տոկոս, իսկ ներմուծումը (ըստ ծագման երկրի) ուղիղ մեկ երրորդը՝ 33,3 տոկոս։

Ինչ է ներմուծվում Ռուսաստանից

Ռուսաստանից Հայաստան ներմուծվում է գրեթե ամեն տեսակի ապրանք։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) արտաքին առևտուրի վիճակագրության, Ռուսաստանից ներմուծվող ամենաբարձր արժեք ունեցող ապրանքները հետևյալն են՝ բնական և հեղուկ գազ (404 մլն դոլար), նավթ և նավթամթերք (270 մլն), անմշակ ալյումին (73 մլն), ոսկի (71 մլն), ցորեն (62 մլն), արևածաղկի ձեթ (36 մլն), մարդատար ավտոմեքենա (34 մլն), շոկոլադ և կակաո պարունակող սնունդ (30 մլն), դեղամիջոցներ (29 մլն), բջջային հեռախոսներ (26 մլն), մարգարին (23 մլն) և երկաթուղային վագոններ (20,5 մլն)։

Նավթը և գազը (674 մլն) կազմում են Ռուսաստանից ներկրվող ապրանքների շուրջ 38 տոկոսը, իսկ ալյումինն ու ոսկին (144 մլն)՝ մոտ 8 տոկոսը։

Որոշ ապրանքատեսակների դեպքում Ռուսաստանից կախվածությունը հսկայական է։ Հայաստան ներմուծվող ցորենը և արևածաղկի ձեթը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից է գալիս։ Ներմուծված գազի և նավթամթերքի (այդ թվում բենզինի) համապատասխանաբար 88 և 73 տոկոսը բերվում է Ռուսաստանից։ Այդ երկրից է ներմուծվում նաև մարգարինի 80 տոկոսը, շաքարի 38 տոկոսը և դեղամիջոցների 21 տոկոսը։

Ինչ է արտահանվում Ռուսաստան

Հայաստանից Ռուսաստան արտահանվում են հարյուրավոր ապրանքատեսակներ։ Առաջատար դիրք են զբաղեցնում սպիրտային ըմպելիքները՝ առավելապես կոնյակը (181 մլն դոլար); ադամանդը (66 մլն); ձուկը (56 մլն)։ Հետո գալիս են գյուղատնտեսական ապրանքները՝ լոլիկ (44 մլն), ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր (39 մլն), այլ մրգեր (17,6 մլն); սիգարետը և սիգարը (13,8 մլն), պանիրը և կաթնաշոռը (13,7 մլն); կարտոֆիլը (13,6 մլն)։

Որոշ ապրանքատեսակների դեպքում Հայաստանից արտահանումների մեծ մասը գնում է Ռուսաստան։ Արտահանվող ձկան, կարտոֆիլի, լոլիկի, ծիրանի, բալի, կեռասի, դեղձի, սալորի գրեթե ամբողջ մասնաբաժինը արտահանվում է Ռուսաստան։ Այդ երկիր է արտահանվում նաև պանրի և կաթնաշոռի, ջրերի և սպիրտային ըմպելիքների գերակշիռ մասը։

Առևտրի դինամիկան

Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի առաջնային առևտրային գործընկերը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի արտաքին առևտրի տվյալների բազայի, Ռուսաստանը 1995-ից սկսած գլխավորել է Հայաստանի առևտրային գործընկերի աղյուսակը։

Հայ-ռուսական առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի շեմը հատել է 2008 թվականին և կրկնապատկվել է 11 տարվա ընթացքում՝ 2019-ին հատելով 2 մլրդ դոլարը։ 2021-ին այն հասել է 2,6 մլրդ դոլարի։

Loading...

Loading…

Վերջին տասնամյակում զգալիորեն աճել է նաև Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրի մեջ։ Այսպես, 2000-ականներին Ռուսատանի կշիռը տատանվել է 11-22 տոկոսների շրջանակում։ Սկսած 2012 թվականից այն սկսել է աստիճանաբար աճել՝ 24 տոկոսից 2021-ին հասնելով 31 տոկոսի։

Loading...

Loading…

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը նախորդ ամիս արդեն անդրադարձել է Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությանը։