Փաշինյանն ու Միշելը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Հանդիպմանը անդրադարձել է կատարվել այսօր նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանն ու Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ. «Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը»։

Վարչապետն ու ԵԽ նախագահը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2,6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը:

***

Բրյուսելում տեղի է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։

Քիչ առաջ մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ Շառլ Միշելի միջնորդությամբ։