141 մլն դրամ՝ գլխավոր դատախազի, տեղակալների հավելավճարների համար

արթուր դավթյան

Կառավարությունը 141 մլն դրամ կհատկացնի գլխավոր դատախազին, նրա տեղակալներին, դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազներին ինը ամսվա հավելավճարներ տրամադրելու համար։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության ապրիլի 7-ի նիստի օրակարգում։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, նրա տեղակալների աշխատավարձը բարձրացնելու մասին կառավարությունը խորհում էր դեռ անցյալ տարվա նոյեմբերից։ Հանրային քննադատությունից հետո շրջանառվող նախագիծը կյանքի չէր կոչվում։

Որոշման հիմնավորումներում ֆինանսների նախարարությունը նշել է՝ անհրաժեշտ է հավելավճարներ տրամադրել գլխավոր դատախազին, նրա տեղակալներին ու ևս 19 դատախազի՝ «հաշվի առնելով վերջիններիս գործունեության առանձնակի ռիսկային բնույթը»։

«Հավելում նախատեսելու առաջարկի հիմքում ընկած է քննիչների և դատավորների համար այդպիսիք սահմանելու համար հիմք ընդունված այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն և վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ, և այն պայմաններում, երբ կոռուպցիոն բնույթի քրեական գործեր քննող քննիչների և դատավորների համար օրենքով սահմանված են առավել բարենպաստ սոցիալական երաշխիքներ (հավելումներ), դատախազի համար, ով իր առանձնահատուկ դատավարական կարգավիճակով պայմանավորված, ներգրավված է քրեական վարույթի բոլոր փուլերում՝ իրականացնելով դատախազական հսկողական, վերահսկողական, դատավարական ղեկավարման, մեղադրանքի պաշտպանության, դատական ակտերի բողոքարկման լիազորություններ, նման երաշխիքներ չնախատեսելը չի համապատասխանում օրինականության և սոցիալական արդարության սկզբունքներին»,- նշված է ֆինանսների նախարարության կողմից մշակված որոշման հիմնավորման մեջ։

Երկու շաբաթ առաջ կառավարությունը 644 մլն դրամ էր ուղղել Քննչական կոմիտեի քննիչներին՝ նրանց սոցիալական վիճակը փոքր-ինչ բարելավելու և «համակարգից արտահոսքը որոշ չափով կանխելու համար»։

Մեկնաբանել