Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցություններ են սկսելու. բրյուսելյան հանդիպման արդյունքները

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այն տևել է երեք ժամ։

Ըստ հայաստանյան կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Արդյունավետ հանդիպում՝ շոշափելի արդյունքներով․ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որի միջնորդությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը, Թվիթերում իր գրառման մեջ այն անվանել է «արդյունավետ երեկո՝ կոնկրետ և շոշափելի արդյունքներով»։

Հանդիպումից հետո Միշելը լրագրողների հետ զրույցում նշել է․ «Այսօր մենք արեցինք կարևոր քայլ ճիշտ ուղղությամբ։ Դա չի նշանակում, որ ամեն ինչ լուծված է, բայց դա նշանակում է, որ մենք առաջընթաց ենք գրանցել, որովհետև ավելի լավ ենք հասկանում, թե որոնք են հնարավոր համընկնող տարրերը՝ որքան հնարավոր է շուտ հասնելու տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն ապահովող կայուն համաձայնության»։

Ինչ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել 2021-ին Սոչիում

Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքներով պայմանավորվածություն էր ձեռք բերվել «ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Հանդիպմանը բարձր էր գնահատվել 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

Մեկնաբանել