Շառլ Միշելը կարևորել է բոլոր գերիների ազատ արձակումը և երկու երկրների ուժերի միջև հեռավորության ապահովումը

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Շառլ Միշելը հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Նախագահ Միշելը շեշտել է երկու կողմերից մարդասիրական քայլերի կարևորությունը՝ առաջ մղելու վստահությունն ու խաղաղ համակեցությունը։

«Նա ընդգծել է բոլոր հրատապ մարդասիրական հարցերի ամբողջական և արագ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակումն ու անհետ կորածների հարցի համապարփակ հասցեագրումը՝ նշելով, որ Եվրամիությունը պատրաստ է սատարել այդ ջանքերը։

ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության կառուցմանն ուղղված քայերին, ինչպես նաև ականազերծման աշխատանքներին՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն։

Նախագահ Միշելն արձանագրել է, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ արագ շարժվելու պատրաստակամություն են դրսևորել։ Այս համատեքստում պայմանավորվել են հանձնարարել արտաքին գործերի նախարարներին սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ։

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնությանը համահունչ՝ մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որի մանդատն է լինելու՝

1․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան

2․ Սահմանագծի երկայնքով և սահմանագծի մոտ կայուն անվտանգային իրավիճակի ապահովումը

Շառլ Միշելը շեշտել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման կարևոր բաղադրիչ է։ ԵՄ-ն պատրաստ է խորհրդատվություն տրամադրել և սատարել այդ գործընթացը։

Առաջնորդները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնումը։

Շառլ Միշելը ողջունել է նաև երկութաղային գծերի վերականգնման ուղղությամբ քայլերը՝ խրախուսելով Հայաստանին ու Ադրբեջանին գտնելու ճանապարհային հաղորդակցության վերականգնման արդյունավետ լուծումներ»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել