54 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի BMW-ին ուղեկցող նոր ամենագնացների համար

alen simonyan

Կառավարությունը 54 մլն դրամ կտրամադրի Ազգային ժողովի նախագահին ուղեկցող երեք հատ Toyota RAV 4 մոդելի մարդատար ամենագնաց ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։

Կառավարության ապրիլի 7-ի նիստում 2022-ի բյուջեում վերաբաշխում կկատարվի և գումար կտրամադրվի ԱԺ-ին՝ գնումն իրականացնելու նպատակով։

Ամենագնացները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ընթացակարգով։

«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235 334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252 884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271 613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար»,- ասված է հիմնավորման մեջ։

Նախագծում ասվում է նաև, որ ԱԺ աշխատակազմը նշված տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն, մասնավորապես, հարցումներ են կատարվել «Մուրան», «Գրանդ մոթորս», «Սքայ մոթորս» և «Տոյոտա Երևան» ընկերություններ։ Արդյունքում նպատակահարմար է համարվել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 ամենագնաց ավտոմեքենաներ՝ քանի որ «Տոյոտա Երևանը» նշված մոդելի համար կիրառել է նաև լրացուցիչ զեղչեր։