Վրաստանցիների մեծ մասը երկիրը ժողովրդավարական չի համարում

Վրաստանցիների մեծ մասը երկիրը ժողովրդավարական չի համարում

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի, OC Media

Գիվի Սիլագաձե, Կովկասյան դատաբլոգ, OC Media

Քանի որ «Ֆրիդոմ Հաուսի» (Freedom House)՝ Վրաստանին վերագրվող միավորները գրեթե երկու տասնամյակ լճացման մեջ են, ընտրողների 59 տոկոսը կարծում է, որ Վրաստանի ժողովրդավարական փորձը կա՛մ դադարել է գոյություն ունենալ, կա՛մ էլ երբեք օրինակ չի եղել հարևան երկրների համար:

Վրաստանի քաղաքական կուսակցությունները հակասական պնդումներ են արել երկրում ժողովրդավարության վիճակի և վերջին տարիներին ժողովրդավարության հետընթացի շուրջ միջազգային անհանգստությունների աճի վերաբերյալ: Սա հակադրվում է անցած տարիների հետ, երբ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը կրտսերը Վրաստանը նկարագրեց որպես «ազատության փարոս», և այն գովասանքին, որը Վրաստանը ստացավ 2012-ին իշխանության առաջին խաղաղ փոխանցումից հետո։

«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) 2021-ի դեկտեմբերին Վրաստանում անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ հասարակական կարծիքը արտացոլում է ընդհանուր միջազգային և էլիտար միտումները, քանի որ գնալով ավելի քիչ քաղաքացիներ են հավատում Վրաստանի՝ ժողովրդավարական երկիր լինելուն, և իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության կողմնակիցների միջև առկա է էական կուսակցական պառակտում: Տվյալները նաև ցույց են տալիս, որ քչերն են հավատում, որ Վրաստանը երբևէ եղել է տարածաշրջանում ժողովրդավարության օրինակ:

Այժմ վրացական հասարակության կեսը կարծում է, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր չէ, և միայն 39 տոկոսն է հավատում, որ այն ժողովրդավարական երկիր է: Բացի այդ, 10 վրաստանցում մեկը վստահ չէ՝ արդյոք Վրաստանը ներկայում ժողովրդավարությո՞ւն է, թե՞ ոչ։ Հասարակությունը վերջին տասնամյակի ընթացքում Վրաստանի ժողովրդավարական դիրքին առավել քննադատաբար վերաբերվել է միայն մեկ անգամ՝ 2019-ի նոյեմբերին: Այս՝ ավելի քննադատական գնահատականը լայնածավալ բողոքի ցույցերի և խոստացված ընտրական բարեփոխումների չկատարման արդյունքն է:

Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ, երիտասարդները, գյուղական վայրերում ապրողները, էթնիկ փոքրամասնությունները և առավել հարուստ տնային տնտեսություններում ապրող մարդիկ ավելի հակված են համարել, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, քան կանայք, տարեցները, քաղաքային բնակավայրերում և առավել աղքատ տնային տնտեսություններում ապրողները:

Արդյոք մարդիկ համարում են՝ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, թե ոչ, խիստ կուսակցական հարց է: Իշխող կուսակցության կողմնակիցներն ավելի քան երեք անգամ ավելի հավանական է, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր համարեն (75 տոկոս), քան ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները (24 տոկոս) և ավելի քան երկու անգամ ավելի հավանական, քան կուսակցական պատկանելություն չունեցող ընտրողները (32 տոկոս):

Ուսումնասիրությունը նաև հարցադրում է արել հարևան երկրների նկատմամբ Վրաստանի ժողովրդավարական դիրքի մասին: Հարցվածների մեծ մասը (34 տոկոս) կարծում է, որ Վրաստանում ժողովրդավարությունը նախկինում լավ օրինակ էր հարևան երկրների համար, սակայն վերջին տարիներին դադարել է այդպիսին լինել: Բնակչության մեկ քառորդը (25 տոկոս) կարծում է, որ վրացական ժողովրդավարությունը երբեք օրինակ չի եղել հարևանների համար, մինչդեռ մյուս քառորդը (23 տոկոս) կարծում է, որ Վրաստանի ժողովրդավարությունը օրինակելի է տարածաշրջանում: Բնակչության մեկ վեցերորդը (18 տոկոս) չգիտի, թե վերոնշյալ արտահայտություններից որն է առավել մոտ իրենց տեսակետներին: Այսինքն՝ հանրության 59 տոկոսը կարծում է, որ վրացական ժողովրդավարությունը դադարել է լավ օրինակ լինել հարևան երկրների համար կամ երբեք էլ չի եղել օրինակելի ժողովրդավարություն։

Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ մի շարք փոփոխականներ օգնում են կանխատեսել Վրաստանում ժողովրդավարության վերաբերյալ հասարակության կարծիքը: Թբիլիսիաբնակները, տեխնիկական կրթություն ունեցողները և անկուսակցական ընտրողները ավելի հավանական է, որ կարծեն՝ Վրաստանում ժողովրդավարությունը երբեք օրինակելի չի եղել իր հարևանների համար, քան մայրաքաղաքից դուրս ապրողները, կրթական այլ մակարդակ ունեցողները և կուսակցական ընտրողները:

«Ֆրիդոմ Հաուսի» 2000-ականների և 2010-ականների գնահատականները ցույց են տալիս, որ թեև Վրաստանը ժողովրդավարության որակով երբեք հետ չի մնացել իր անմիջական հարևաններից, ժողովրդավարության որակը մի փոքր ավելի հեռու՝ Արևմուտքում, ավելի դժվար հասանելի է երկրի համար։

Թուրքիան, Ուկրաինան, Բուլղարիան և Ռումինիան 2000-ականներին հիմնականում զգալիորեն ավելի բարձր միավորներ են գրանցել, քան Վրաստանը, այդ թվում՝ 2006-2007-ին, երբ Վրաստանը ստացավ «Ֆրիդոմ Հաուսի» ամենաբարձր ցուցանիշը՝ Միացյալ ազգային շարժման կառավարման ներքո։

2010-ականներին Վրաստանն ավելի լավ ցուցանիշ է արձանագրել, քան նրա բոլոր հարևանները, որոնց հետ այն ցամաքային սահման ունի, ներառյալ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Սև ծովից այն կողմ Վրաստանն ունեցել է Մոլդովայի և Ուկրաինայի հետ համեմատելի ազատության որակ, իսկ Բուլղարիայի և Ռումինիայի հետ համեմատությամբ՝ ավելի ցածր վարկանիշ:

Այս դիտարկումը վերաբերում է 2014-2015-ին, երբ Վրաստանը գրանցեց «Ֆրիդոմ Հաուսի» վարկանիշային ցուցակում երկրի ունեցած երբևէ ամենաբարձր միավորը՝ «Վրացական երազանք»-ի պաշտոնավարման ողջ ընթացքում (2012-ից մինչ այժմ):

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի