Երևանում էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններն ապամոնտաժելու ահազանգի հետքերով

Ուկրաինայում հայերի միությունից ահազանգել են, որ Երևանում սկսել են ապամոնտաժել միության ջանքերով տեղադրված՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները։ Միության ներկայացուցիչ Հովակիմ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով տեսանյութեր, կարծիք է հայտնել, թե քաղաքային իշխանությունը նման քայլի է դիմել միության՝ «ուկրաինամետ դիրքորոշման» համար։

«Մեր՝ ուկրաինամետ դիրքորոշման համար Երևանում ապամոնտաժում են էլեկտրամոբիլների համար նախատեսված լիցքավորման կայանները, որոնք մենք Ուկրաինայի հայերի միության կողմից տեղադրել էինք զբոսաշրջության և ներդրումային ծրագրի շրջանակում։ Հարյուրավոր էլեկտրամոբիլներ մեկ տարվա ընթացքում ներմուծվել են Հայաստան միայն այն բանի համար, որ քաղաքում հայտնվել էին լիցքավորման կայաններ․ ներկայում դրանք ապամոնտաժում են»,- գրել է Հովակիմյանը։

ՍիվիլՆեթը պարզաբանում ստանալու նպատակով դիմեց Երևանի քաղաքապետարան, որտեղից հայտնեցին՝ «լիցքավորման կայաններ տեղադրելու թույլտվություն չի եղել»։

«Քաղաքացի Հայկ Հարությունյանը Էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ տեղադրելու թույլտվություն չի ունեցել: Վերջինիս կողմից, ըստ էության, դրսևորվել է ինքնիրավչություն: Նշված հասցեներում լիցքավորման կայանները տեղադրվել են կամայական սկզբունքով, տվյալ քաղաքացու անձնական նախաձեռնությամբ՝ առանց հաշվի առնելու ընթացակարգով սահմանված քաղաքաշինական պահանջների և այլ չափորոշիչների ապահովման անհրաժեշտությունը»,- նշեցին քաղաքապետարանից։

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ քաղաքացին դիմել է աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն, որտեղից վերջինիս պատասխանել են, որ գործունեության տվյալ տեսակի իրականացումը ենթադրում է որոշակի ժամանակահատված՝ խնդիրն ուսումնասիրելու, կայանների տեղակայման վայրերի նպատակահարմարությունը մի շարք նեղ մասնագիտական չափորոշիչներով քննարկելու համար:

«Ըստ ամենայնի ՝ քաղաքացին անձնական դրդապատճառներով հաշվի չի առել այս հանգամանքները, և կայանները տեղադրել է ընդհանուր օգտագործման տարածքներում՝ որոշ դեպքերում բետոնապատելով կանաչ գոտին, առանձին դեպքերում էլ՝ երթևեկելի գոտիների կարմիր գծերում, որոնք նույնպես համարվում են ընդհանուր օգտագործման տարածքներ (կայանատեղիներ)»,- հայտնեցին քաղաքապետարանից։

Ելնելով վերը նշվածից՝ Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է լիցքավորման կայանները:

2019-2021 թվականներին Հայաստան է ներմուծվել ավելի քան 5 200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց (2018-ին ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ):

Ուկրաինայի հայերի միությունը ստեղծվել է 2001-ին։ Միությունը դարձել Է Ուկրաինայի՝ Եվրոպական միության թափանցիկության ռեեստրում ընդգրկված առաջին հասարակական կազմակերպությունը: Բրյուսելում գործում է Միության ներկայացուցչությունը:

Գևորգ Թոսունյան