ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասվում է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում։

«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բոլոր ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայրի ապահովմանը»,- ասված է հայտարարությունում:

***

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: