Սիվիլնեթ կը հասնի կարիքաւոր ընտանիքներու

Աբօ Պողիկեան

Սիվիլնեթ բարեգործական կազմակերպութիւն չէ. Այդ կարգավիճակի չունի, նոյնիսկ իրաւական տեսակէտէն չի կրնար բարեսէրներու գումարներ ստանալ՝ զանոնք կարիքաւոր ընտանիքներու փոխանցելու։

Այսուհանդերձ, Սիվիլնեթի լրագրողներն ու ընդհանրապէս անձնակազմի բոլոր անդամները անտարբեր չեն կրնար ըլլալ իրենց աշխատանքի բերումով անմիջական շփում ունեցած ընտանիքներու կարիքներու հանդէպ, մանաւանդ երբ իրազեկ կ՝ըլլան անոնց երեխաներու ողբալի վիճակներուն։

Յատկանշական է, որ ինչպէս այլ լրատուական կազմակերպութիւններու, այնպէս ալ Սիվիլնեթի պատրաստած հաղորդումները կարիքաւոր ընտանիքներու մասին կ՝արժանանան բարեսիրտ մարդոց ուշադրութեան եւ անմիջական կամ միջնորդաւորուած կապով՝ օգնութիւն կը հասնի համապատասխան հասցէներուն՝ ժամանակաւոր կամ երբեմն հիմնական լուծումներ ապահովելով անոնց խնդիրներուն։

Ինչ որ առաւել յատկանշական է, պետական եւ հասարակական կառոյցներու արձագանգն է՝ պատրաստակամութիւնը ստանձնելու որոշ պատասխանատուութիւններ (որոնք ի պաշտօնէ պէտք է իրագործուէին) այդ ընտանիքներու հանդէպ։

Ցաւալի է, որ ընկերային ապահովութեան ոլորտի պետական կառոյցները կարծես նման ընտանիքներու տեղը չեն գիտեր ու իրենց պարտականութիւնները ժամանակին կատարելով չեն կանխեր թշուառ պայմաններու մէջ գտնուողներու յուսահատութեան հասած հոգեվիճակը։ Այս խնդրի լուծման մեր ներդրումը պիտի ըլլայ յատուկ հաղորդումներ պատրաստել պետական կառոյցներու սահմանափակումներու եւ թերացումներու մասին։

Սիվիլնեթը բարեգործական կազմակերպութիւն չէ, սակայն բոլոր անոնք որ կը փափաքին հիմնական աջակցութիւն ցուցաբերել կարիքաւոր ընտանիքներու, կրնան օգնել, որ մեր լրագրողները աւելի յաճախ այցելեն շրջաններ, հանրային լայն ուշադրութեան յանձնելու ծանր վիճակի մէջ գտնուողներու առօրեան եւ հետապնդելու, որ համապատասխան պետական կառոյցները կատարեն իրենց պարտականութիւնը այդ ընտանիքներու հանդէպ։

Նպաստելով Սիվիլնեթին, աջակցելով մեր լրագրողական աշխատանքին, ընթացք տուած կ՝ըլլաք մարդկային ճակատագրեր փոխելու ձեր ազնիւ մղումներուն։

Ահա ձեզ կը ներկայացնենք Սիվիլնեթի խմբագիր Ստելլա Մեհրաբէգեանի եւ լրագրող Գէորգ Թոսունեանի զեկուցումները՝ վերջին ամիսներուն մեր կողմէ բնութագրուած քանի մը «յաջող պատմութիւններ»ու մասին։

Որոտանցի Վանուշ Իսունցի ընտանիքի պատմությունը

2021-ի օգոստոսի վերջին ՍիվիլՆեթի նկարահանող խումբը հերթական մարզային այցով Սյունիքի Որոտան գյուղում էր, որտեղ պատահաբար հանդիպեց 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Կովսականի (Զանգելան) Ալաշկերտ գյուղից տեղահանված Վանուշ Իսունցին։

Վանուշ Իսունցի ընտանիքը

Ուսումնասիրելով ընտանիքի ծանր պայմանները՝ թիմը որոշեց տեսանյութ պատրաստել և ներկայացնել նրանց ճակատագիրը։ Վանուշ Իսունցը ապրում էր 2 սենյականոց փոքր բնակարանում՝ կնոջ և յոթ երեխաների հետ։ Իսունցի ընտանիքը անուշադրության էր մատնվել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի կառավարության կողմից։ ՍիվիլՆեթի տեսանյութը հրապարակվեց 2021-ի սեպտեմբերի 2-ին, որից հետո Վանուշ Իսունցի հետ կապ են հաստատել Արցախի նախագահի աշխատակազմից, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ինչպես նաև Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Արցախի կառավարությունից Իսունցին հրավիրել են Ստեփանակերտ՝ համապատասխան գործընթացների միջով անցնելու և բնակարանի համար հերթագրվելու նպատակով։ Տարբեր բարերարներ ՍիվիլՆեթի միջոցով նրանց փոխանցել են գումար, սննդամթերք ու այլ ապրանքներ։ Բարերարներից մեկը փոխհատուցել է Իսունցի բնակարանի վարձը և նոր բնակարան ձեռք բերել ընտանիքի համար Որոտանում։ (Գէորգ Թոսունեան)

Դաստակերտցի Աբրիկի պատմությունը

2021-ի դեկտեմբերի 21-ին ՍիվիլՆեթը տեսանյութ պատրաստեց Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքում ապրող 13-ամյա Աբրիկի ընտանիքի մասին։

ՍիվիլՆեթը պարզեց, որ Աբրիկը տառաճանաչ չէ, միայն չորս տառ գիտի՝ Ա, Ր, Ի ու Կ։ Մայրն ինքնասպան է եղել 2020-ին։ Աբրիկի չորս քույր-եղբայրների համար հոգ է տանում մորաքույրը՝ Շողերը, որն իր հերթին երկու երեխա ունի։ Յոթ երեխաներով այս ընտանիքն ապրում է նպաստով ու թոշակով։ Աբրիկի հարազատ քույրը՝ 16-ամյա Ռիման, ևս չի կարողանում ամբողջական նախադասություններ գրել։ Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր իրավիճակում։

դաստակերտցի ընտանիք
Դաստակերտի ընտանիքը

ՍիվիլՆեթի տեսանյութից հետո ընտանիքի հետ կապ են հաստատել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, «Հայաստան» համահայկական հիմնադրամից։ Տարբեր բարերարներ ՍիվիլՆեթի միջոցով նրանց փոխանցել են գումար, սննդամթերք ու այլ ապրանքներ։ Նրանց ընտանեկան կարգավիճակի բարելավման համար փոխանցվել է առնվազն 2 000 դոլար, ևս 3 000 դոլար նախատեսված է հետագա կարիքների համար։ Մասնավորապես, ՍիվիլՆեթի ջանքերով ընտանիքը շուտով տեղափոխվելու է Արարատի մարզի գյուղերից մեկը, այստեղ բարելավվելու են վարձակալած տան պայմանները, ինչպես նաև փոխհատուցվելու է մի քանի ամսվա վարձը։ Ուսումնական տարվա ավարտից հետո երեխաները տեղափոխվելու են գյուղ, և փոխանցված գումարն ուղղվելու է նրանց կրթությանը։ (Գէորգ Թոսունեան)

13-ամյա Աբրիկը՝ իրենց տան պատշգամբում։ Մոր ինքնասպանությունից հետո որբացած Աբրիկը չորս-քույր եղբայրների հետ ապրում է Դաստակերտի այս կիսախարխուլ հանրակացարան-տանը․ դեկտեմբեր 30, 2021։

Լոռեցի Վրույրի պատմությունը

2021 թվականի հոկտեմբերի 5-ին «Համակցված դասարաններում ուսուցման վատ որակ, ցածր ծնելիություն, արտագաղթ․ գյուղական դպրոցներում խնդիրների շուրջ» վերտառությամբ հոդվածում ՍիվիլՆեթն անդրադարձավ Վրույր Բարսեղյանի երազանքին. «Կուզեի քայլել, միայն դա է իմ երազանքը: Արդեն երկու տարի է՝ բժշկի չեմ գնացել»:

Լոռեցի Վրույրը

ՍիվիլՆեթի հրապարակումից հետո Օձունի բժշկական ամբուլատորիայի տնօրեն, բժշկուհի Անահիտ Նալբանդյանը ՍիվիլՆեթին պատմեց, որ առողջապահության նախարարությունն արձագանքել է Վրույր Բարսեղյանի երազանքին, և հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող Վրույր Բարսեղյանը նոյեմբերի 1-ից Ջերմուկի վերականգնողական կենտրոնում սկսեց բուժումը։ Օրերս ՍիվիլՆեթը բժիշկներից տեղեկացավ, որ Վրույրը արդեն ոչ թե սայլակով է, այլ քայլակով քայլում է, դուրս է գալիս զբոսանքի, դպրոց է գնում: Անվճար ստացել է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ: (Ստելլա Մեհրաբէգեան)

Շուռնուխցի Անդրանիկի պատմությունը

Մարտի 30-ին ՍիվիլՆեթը տեսանյութ հրապարակեց շուռնուխցի յոթամյա բնակիչ Անդրանիկի մասին, որը մանկական պարալիչ ունի։ Անդրանիկն ու մայրը՝ Շուշանիկ Միրզոյանը, Շուռնուխում ապրում են վարձով, տանը կոմունալ հարմարություններ չկան։ Շուշանիկ Միրզոյանին առաջարկել են երեխային տանել Կապան՝ վերականգնողական կենտրոն, սակայն նրա միջոցները չեն հերիքում երեխայի լիարժեք բուժման համար։

Շուռնուխցի Անդրանիկին անհրաժեշտ է բուժում Կապանի վերականգնողական կենտրոնում
Շուռնուխցի Անդրանիկը

ՍիվիլՆեթի տեսանյութի հրապարակումից հետո Շուշանիկի հետ կապ են հաստատել Գորիսի քաղաքապետարանից և հայտնել, որ երեխային սպասում են Երևանում՝ Հանրապետական հիվանդանոցում, որտեղ նա կարող է մեկամսյա անվճար բուժում ստանալ։ ՍիվիլՆեթը Անդրանիկի մորը՝ Շուշանիկ Միրզոյանին, փոխանցեց երեխայի բուժման համար հավաքագրված գումարի մի մասը՝ Երևան տեղափոխվելու ծախսերը հոգալու համար։ Գումարի մյուս մասը փոխանցվելու է Երևանում՝ մոր կացության ծախսերը հոգալու նպատակով։ (Ստելլա Մեհրաբէգեան)