Ռուս զինվորականներն ուսումնասիրում են Փառուխում տեղի ունեցած միջադեպը․ Լավրով

lavrov and ararat mirzoyan

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն ուսումնասիրում է մարտի 24-ին (Փառուխում – խմբ․) տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն աշխատանքներ են տանում միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։

«Մենք դրա մասին խոսել ենք (Արարատ Միրզոյանի հետ – խմբ․): Մեզ համար բոլոր հանգամանքները պարզ չեն, ես չէի ցանկանա առաջ ընկնել և վերջնական դատողություն անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ գործընկերները ամբողջությամբ վստահում են ռուսական խաղաղապահ զորախմբին և երբեմն հնչեցվող կոչերը՝ զորախմբին պատասխանատվության ենթարկել, ինչ-որ ծառայողական քննություն իրականացնել, դա չի արտացոլում հայ ժողովրդի, Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը»,- նշեց Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը նկատում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հսկայական դեր ունի տարածաշրջանում կայունության պահպանման համար, բայց «ոչ լուրջ միջադեպեր պատահում են»։

«Այդ կոնկրետ միջադեպը, ևս մեկ անգամ ընդգծեմ, մեր զինվորականներն ուսումնասիրում են։ Կան բաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- ասաց Սերգեյ Լավրովը։