Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը Հայաստանում. Լավրով

russians in yerevan

Ի պատասխան պաշտոնական Երևանի ցանկության՝ Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը. այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում ապրիլի 6-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:

«Մենք շահագրգռված ենք ռուսաց լեզվի շարունակական աջակցությամբ մեր բարեկամների կառավարության կողմից»,- ասել է Լավրովը` հավելելով, որ հայկական կողմի հետ պայմանավորվել են խորացնել ակադեմիական և ուսանողական փոխանակումները և քննարկել են ռուս-հայկական հաջորդ երիտասարդական համաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները:

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ հազարավոր քաղաքացիների հոսքը Հայաստան արդիական է դարձրել Հայաստանում ռուսերենով դպրոցական կրթության հարցը:

ՍիվիլՆեթի հարցման ի պատասխան Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից հայտնել են, որ տարածքում գործող՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների թիվը 45 է, ինչը, նախարարության հավաստմամբ, «բավարարում է ՀՀ տեղափոխված սովորողների կրթությունն ապահովելուն»։

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ մարտի 1-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների թիվն ավելացել է 75-ով, որոնք հիմնականում ՌԴ-ից ժամանած երեխաներ են: Նրանց կրթությունը կազմակերպվում է ծնողի նախընտրած դպրոցում։

«Միաժամանակ ՀՀ 63 դպրոցներում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: Նշված դպրոցների ցանկը հրապարակված է ԿԳՄՍՆ կայքում», – հայտնում են նախարարությունից:

Մեկնաբանել