«Չգիտեմ, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը»․ Լավրով

«Ռուսաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու Արևմուտքի փորձերն անպատասխանատու են, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել ԼՂ-ում և Անդրկովկասում կարգավորման շահերը», հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը կամ ապագային, ես կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ – խմբ.), ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,- այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ «հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ – խմբ.)»։

«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ընդհանրապես Անդրկովկասի կարգավորման շահերը, եթե նրանք պատրաստ են այս դեպքում զոհաբերել հայկական կողմի շահերը, դա նրանց ընտրությունն է»,- ասաց ՌԴ արտգործնախարարը։

Լավրովն ընդգծեց, որ «այդ երկրները ստիպում են բոլորին դադարեցնել փոխգործակցությունը բոլոր ձևաչափերով միայն նրա համար, որպեսզի ապացուցեն թելադրելու իրենց ունակությունը և իրենց միակողմանի կամքը»:

«Ես նման մոտեցումը բացարձակ անպատասխանատու եմ համարում, այն մեզ դուրս չի մղի… այդ ընտրությունը մերը չէ»,- հավելեց նա։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման աջակցությանը և այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ ձևաչափով:

Մեկնաբանել