Անտոնով Ան-225 «Մրիայի» ոչնչացման քարոզչական թնջուկը

Անտոնով Ան-225 «Մրիայի» ոչնչացման քարոզչական թնջուկը

Հայկ Հովհաննիսյան
Արշալույս Բարսեղյան

Հայաստանյան լրատվամիջոցներում հակասական տեղեկություններ են տարածվում աշխարհի ամենախոշոր Ан-225 «Мрия»-ի (թարգմանաբար՝ «երազանք») բեռնատար ինքնաթիռի ոչնչացման մասին։ Այն տեղակայված էր Ուկրաինայի Հոստոմել քաղաքի մերձակայքում գտնվող «Անտոնով» օդանավակայանում։

Այսպես, Ռուսական պետական «Sputnik Armenia» լրատվականը, հղում անելով ռուսական Առաջին ալիքին, մարտի 4-ին գրել է, թե Ан-225 օդանավը ոչնչացվել է ուկրաինական հրետանու կողմից։ Նման հրապարակումներ արել են նաև այլ կայքեր՝ 5tv.am, aysor.am և այլն։

Հակառակ սրա, ապրիլի 5-ին Ազատություն ռադիոկայանը հայտնեց, թե ինքնաթիռը ոչնչացվել է ռուսական ուժերի կողմից։ Ավելի վաղ, հղում անելով ուկրաինական աղբյուրներին, նմանատիպ պնդում էր արել նաև 1-in.am կայքը։

Այս ինքնաթիռով 2009-ին Գերմանիայից Հայաստան է բերվել Երևանի ՋԷԿ-ի 187 տոննա քաշով գեներատորը` սահմանելով օդային ճանապարհով երբևէ բերված ամենածանր բեռի համաշխարհային ռեկորդ:

Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, համադրել է բաց աղբյուրներում առկա տվյալները և փորձել պարզել, թե իրականում որ կողմն է ոչնչացրել ուկրաինական «Мрия» օդանավը։

Ռազմական գործողությունների ժամանակագրությունը և օդանավի ոչնչացման մասին կողմերի պնդումները

Փետրվարի 24-ին, երբ ռուսական կողմը հայտարարեց Ուկրաինայում սկսվող «հատուկ ռազմական գործողության» մասին, նույն օրը ռուսական ուժերը տասնյակ ուղղաթիռներով օդադեսանտային ուժեր իջեցրին Հոստոմել քաղաքի Անտոնով օդանավակայան՝ փաստացի լայնամասշտաբ պատերազմ սկսելով Ուկրաինայի դեմ։

Երեք օր անց՝ փետրվարի 27-ին, ուկրաինական «Укроборонпром» ռազմարդյունաբերության կոնցեռնը հայտարարեց, որ ռուսական կողմը ոչնչացրել է աշխարհում ամենախոշորը համարվող Ан-225 օդանավը։ Ի պատասխան՝ ռուսական կողմը պնդեց, որ այն ոչնչացվել է ուկրաինական կողմի հարվածների արդյունքում։

Ոչնչնացված ԱՆ-225 «Մրիյա»-ն Անտոնովի օդանավակայանում․ Լուսանկարը՝ CNN-ի

Նույն օրը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ևս մեղադրեց ռուսական կողմին օդանավի ոչնչացման համար։ Հայկական լրատվականները, հղում տալով Ազատություն ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը, գրեցին, թե Բուչայի քաղաքապետը ասել է՝ «Мрия»-ն ռմբակոծել են ներխուժման հենց առաջին օրը։

Ավելի ուշ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ փետրվարի 27-ին ուկրաինական ԶՈւ-ն հրետանային միջոցներով հարվածներ է հասցրել Հոստոմելի օդանավակայանի մերձակայքում։

Ռուսական ուժերը օդանավակայանից և Ուկրաինայի Կիևի շրջանից հետ քաշվեցին միայն մարտի 28-ից 31-ը ընկած ժամանակահատվածում՝ մինչև այդ ամբողջ ընթացքում պահելով այն վերահսկողության տակ։

Վիզուալ հետաքննության արդյունքները

Չնայած արված պնդումներին, վիզուալ նյութը ցույց է տալիս, որ օդանավը չի ոչնչացվել ռուսական ներխուժման հենց առաջին օրը։ Ի դեպ, ինքնաթիռի՝ ռուսական ներխուժման առաջին օրն անվնաս լինելու մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց «Мрия»-ի օդաչու Դմիտրի Անտոնովը։

Օդանավակայանը ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել փետրվարի 24-ին։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մարտի 13-ին հրապարակած տեսանյութում հստակ երևում է, որ հարձակման օրը օդանավը և օդանավաշենքը (ангар) անվնաս են։

Կադր ՌԴ ՊՆ-ի տեսանյութից

Ավելին, փետրվարի 26-ին արված արբանյակային պատկերում երևում է, որ չնայած օդանավակայանի ուղղությամբ եղել են հարվածներ, բայց ինքնաթիռի կայանման տարածքը անվնաս է։

Աղբյուր՝ Centre for Information Resilience / SentinelHub

Ինչ վերաբերում է ռուսական ուժերի կողմից Ан-225-ի խոցման մասին ուկրաինական պնդումներին, ապա դա տարակուսելի է երկու պատճառով։ Նախ, ներխուժումից ի վեր՝ մինչև մարտի 28-ի զորքերի հետքաշումը, «Անտոնով» օդանավակայանը գտնվել է ՌԴ ուժերի վերահսկողության տակ։ Ուստի դժվար թե ռուսական ուժերը հրետանային հարված հասցնեին իրենց իսկ վերահսկողության տակ գտնվող տարածքին, որտեղ տեղակայված էր սեփական տեխնիկան և մարդուժը։

Փետրվարի 27-ին ոչնչացված ռուսական տեխնիկան օդանավակայանում

Փողային հրետանային արկերի հետքերը մատնանշում են, որ դրանք արձակվել են Կիևի ուղղությունից՝ ուկրաինական զինուժի վերահսկողության տակ գնտվող տարածքից։

Կանաչ գոտում արկերի նմանատիպ հետքերն են․ Անտոնովի օդանավակայան

Իսկ այն, որ ուկրաինական ուժերը հարված են հասցրել օդանավակայանի ուղղությամբ, երևում է ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Մարիանա Բեզուգլայան ֆեյսբուքյան էջում արված և ավելի ուշ հեռացված հրապարակումից։ Նա տեղադրել էր վնասված Ан-225-ի օդանավաշենքի (ангар) լուսանկարը կից գրառմամբ՝ «Հրետանային հարված. ոչնչացվել են ՌԴ-ին պատկանող զրահատեխնիկա, մատակարարման մեքենաներ և անձնակազմ»։

Ամերիկյան CNN-ը փետրվարի 28-ին, հղում անելով NASA-ի տվյալներին և Maxar-ի լուսանկարներին, հայտնել է՝ օդանավի հրդեհը հայտնաբերվել է կիրակի՝ փետրվարի 27-ին, Կիևի ժամանակով առավոտյան 11:13-ին:

Ստացվում է, որ կասկածելի են պնդումները, թե օդանավը ոչնչացվել է ռուսական ներխուժման հենց առաջին օրը։ Իսկ հրետակոծության հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ դրանք արձակվել են ուկրաինական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքից։

Մեկնաբանել