Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույցներ են ունեցել Պուտինի հետ

Putin Aliyev Pashinyan sochi

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույցներ են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հայաստանի վարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

«Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և սահմանազատման աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար»,- նշվում է հաղորդագրությունում:

Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի կայքը, այսօր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած բանակցությունների արդյունքները։ Միևնույն ժամանակ ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների լիարժեք իրականացման, ինչպես նաև 2021-ին տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման եռակողմ աշխատանքային խմբի ակտիվացումը: Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքների մեկնարկի հարցերին։

Հաստատվել է երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգում սերտ համագործակցությունը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը»,- նշվում է Կրեմլի հաղորդագրությունում։

ՌԴ նախագահի մամուլի ծառայության համաձայն՝ երկու զանգն էլ տեղի է ունեցել հայկական և ադրբեջանական կողմերի նախաձեռնությամբ։