Վերջին շաբաթում նոր պատվաստվողների թիվն ավելացել է 3 հազարով

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր ապրիլի 10-ի դրությամբ` կատարվել է 2 142 685 պատվաստում, որից 1 117 714-ը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացածներն են, 982 752-ը՝ երկրորդ դեղաչափը, 39 199-ը՝ երրորդ դեղաչափը կամ բուստերը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առաջին դեղաչափով պատվաստվածների թիվն ավելացել է 3 000-ով, երկրորդ դեղաչափով պատվաստվածներինը՝ 6 327-ով:

Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» և Pfizer պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 12 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

«Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են»,- հայտնում են նախարարությունից։