Երևանում էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ապամոնտաժման շուրջ․ պարզաբանում է տնտեսվարողը

«Էկոքարս» ՍՊԸ-ի՝ էլեկտրամոբիլների լիցքավորման չորս կայաններն ավելի քան վեց ամիս մնացել են Երևանի փոքր կենտրոնում, բայց քաղաքապետարանի որոշմամբ՝ ապամոնտաժվել են։

Ապրիլի 7-ին ՍիվիլՆեթը գնաց Ուկրաինայում հայերի միության ահազանգի հետևից, ըստ որի՝ Երևանում սկսել են ապամոնտաժել միության ջանքերով տեղադրված՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները։

Պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ապամոնտաժել են փոքր Կկնտրոնում գտնվող չորս կայան, որոնք պատկանում են «Էկոքարս» ՍՊԸ-ին։ Նույն օրը քաղաքապետարանից ՍիվիլՆեթին պարզաբանեցին, թե «քաղաքացի Հայկ Հարությունյանը Էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ տեղադրելու թույլտվություն չի ունեցել»։ Ըստ քաղաքապետարանի՝ «վերջինիս կողմից, ըստ էության, դրսևորվել է ինքնիրավչություն․ նշված հասցեներում լիցքավորման կայանները տեղադրվել են կամայական սկզբունքով, տվյալ քաղաքացու անձնական նախաձեռնությամբ՝ առանց հաշվի առնելու ընթացակարգով սահմանված քաղաքաշինական պահանջների և այլ չափորոշիչների ապահովման անհրաժեշտությունը»։

Քաղաքապետարանի նշած քաղաքացին Հայկ Հարությունյանը «Էկոքարս»-ի տնօրենն է։ Նա ՍիվիլՆեթի հետ զրույցում նախ զարմանք հայտնեց քաղաքապետարանի պատասխանի առնչությամբ՝ շեշտելով, որ ինքը որպես քաղաքացի պարզապես չէր կարող նման քայլի գնալ, իսկ կայանները տեղադրվել են ընկերության կողմից՝ ստանալով համապատասխան թույլտվությունները։

«Այդ կայանները վեց-յոթ ամիս այդտեղ էին, մենք քաղաքաշինական վարչությունից ունեինք նամակ, որ դիմեք Ճանապարհային ոստիկանությանը (ՃՈ), ՃՈ-ից ունեինք թույլտվություն՝ համապատասխան հասցեներով, թույլտվությունը եղել է երեքի մասով, իսկ չորրորդի վերաբերյալ պայմանավորվել ենք տնտեսվարողների հետ, կրկին պայմանագրերը եղել են։ Մենք բացառապես աշխատում ենք սպիտակ դաշտում, հարկեր ենք վճարում»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ կայանները ապամոնտաժելուց առաջ զանգ են ստացել քաղաքապետարանից. «Մենք զանգ ստացանք, երևի բաժիններից մեկի շարքային աշխատող էր, որը ասաց, թե պատրաստվում են դեմոնտաժի ենթարկել մեր չորս լցակայանները, որոնք գտնվում են փոքր կենտրոնում, ասացին, թե առևտրի վարչության պետի հրամանն է։ Նրանք առաջարկեցինք մեզ ինքնուրույն ապամոնտաժել այդ կայանները, հրաժարվեցինք»։

Ըստ Հարությունյանի՝ կազմակերպությունը տասնյակ անգամներ գրավոր ու բանավոր դիմել է քաղաքապետարան՝ թույլտվության համար, քաղաքաշինության վարչությունից իրենց խնդրել են դիմել ՃՈ՝ ասելով, որ եթե ոստիկանությունը թույլ տա, դեմ չեն լինի։

«Մեր ընկերությունը 2019-ից տեղադրում է կայաններ։ 2021-ին մենք տեղադրել ենք մոտ 21 կայան, որից չորսը փոքր կենտրոնում էր, որևիցե մեկի հետ խնդիր չենք ունեցել, էլեկտրամոբիլիստները շատ գոհ էին, մենք մոտ 1 200 ակտիվ օգտվողներ ունեինք»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ աբսուրդային է նաև այն մեղադրանքը, թե իբր կայանները խանգարում էին կանաչ գոտուն. «Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ եք կանաչ գոտում դրել կայանները, բայց այդ կանաչ գոտին երեսուն տարուց ավելի է՝ չի խնամվում, մի հատ ծառ կամ խոտ այդտեղ չի տնկվել, իսկ մեր կայանը երեսուն սանտիմետրանոց է, այն ընդհանրապես չի խանգարում կանաչ գոտուն, ընդհակառակը, մենք ինքներս կողմ ենք, որ կանաչ գոտիները շատանան։ Տարօրինակ է լսել բացատրություններ նույն քաղաքապետարանից, որի ենթակայության տակ գտնվող «Բոգդան» կամ այլ տիպի ավտոբուսներ շատ վտանգավոր ծուխ են արտանետում»։

Տնտեսվարողը վստահ է՝ եթե նույն իրավիճակը տեղի ունենար եվրոպական զարգացած երկրում, հանգուցալուծումն այլ կլիներ. «Մեզ կհրավիրեին, իրավական աջակցություն կցուցաբերեին ու կխնդրեին, որ մենք ոչ միայն այդ կայանները պահպանենք, այլ նորերն ավելացնենք, բայց Երևանի քաղաքապետարանը գնաց «պծիչկա» դնելու ճանապարհով, որ նորից ինչ-որ բան ապամոնտաժեցինք»։

Ուկրաինայում հայերի միությունից նաև կասկած են հայտնել, թե քաղաքային իշխանությունը նման քայլի է դիմել միության՝ «ուկրաինամետ դիրքորոշման» համար։ Արդյոք նման ենթատեքստ առկա՞ է՝ հետաքրքրվեցինք Հարությունյանից։

«Ես չէի ուզենա տեսնել այդ ենթատեքստը, չեմ կարող պնդել նաև հակառակը։ «Էկոքարս» ընկերության լցակայանները բավականին թանկ արժեեն, հովանավորվել են Ուկրաինայի հայերի միության կողմից, դա կարելի է համարել դրսի ներդրում, այս ֆոնին, երբ մարդիկ պատերազմող երկրում գտնվելով՝ շարունակում են ներդրումներով օգնել Հայաստանին, մեր չինովնիկները որոշում են, որ կարելի է ապամոնտաժել։ Մեր կայանների վրա գրված է ռուսերեն՝ «Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ»»,- ասաց «Էկոքարսի» տնօրենը։

2019-2021 թվականներին Հայաստան է ներմուծվել ավելի քան 5 200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց (2018-ին ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ):

Ուկրաինայի հայերի միությունը ստեղծվել է 2001-ին։ Միությունը դարձել Է Ուկրաինայի՝ Եվրոպական միության թափանցիկության ռեեստրում ընդգրկված առաջին հասարակական կազմակերպությունը: Բրյուսելում գործում է Միության ներկայացուցչությունը:

Մեկնաբանել