Ուկրաինայում պատերազմը կխորացնի աղքատությունը նաև Հայաստանում, կանխատեսում է Համաշխարհային բանկը 

poverty pensioner

Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2022-ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսվում է 1,2% (նախապատերազմյան կանխատեսումներից շեղումը՝ -4,1%), 2023-ին՝ 4,6% (-1%) և 2024-ին՝ 4,9% (-0,9%)։ Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների՝ Հայաստանում 2022-ին աղքատությունը կարող է հասնել 39,6%-ի։

Ուկրաինայում պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հարված են հասցնում աշխարհի տնտեսություններին։ Ըստ «Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնտեսական զարգացումներ» զեկույցի՝ ակնկալվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները կկրեն ցնցումների ողջ ծավալը։ Կանխատեսվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունն այս տարի կկրճատվի ավելի քան 4,1%-ով՝ համեմատած նախապատերազմյան 3% աճի կանխատեսման։ Տնտեսական անկումը կրկնակի ավելի կլինի, քան 2020-ի համաճարակի հետևանքով արձանագրվածը:

Համաձայն զեկույցի՝ 2022-ին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 1,2% (նախապատերազմյան կանխատեսումներից շեղումը՝ -4,1%), 2023-ի համար՝ 4,6% (-1%) և 4,9%՝ 2024-ին (-0,9%)։ Համաշխարհային բանկի մասնագետները Հայաստանի համար կանխատեսում են աճի ավելի ցածր տեմպեր ու մասնավոր դրամական փոխանցումների ծավալների նվազում, ինչը, հավանաբար, կդանդաղեցնի աղքատության կրճատումն ու կբարձրացնի խոցելիությունը։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, ամենայն հավանականությամբ, էականորեն բացասական կլինի, թեև դրա ուժգնությունը մնում է անորոշ, նշվում է զեկույցում։

Հայաստանը ամուր տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ․ 2018-2021 թվականներին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտահանման 28%-ը և ներմուծման միջինը 30%-ը։ Ռուսաստանը Հայաստանի ամբողջ ցորենի և գազի ներմուծման աղբյուրն է։ 2021-ին Ռուսաստանից ստացված տրանսֆերտները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի 5%-ը, զուտ ՕՈՒՆ-ի 41%-ը կապված է ռուսական կազմակերպությունների հետ, իսկ ռուս զբոսաշրջիկներին բաժին է ընկել բոլոր զբոսաշրջային ժամանումների 40%-ը:

Հայաստանի վրա, ըստ ՀԲ զեկույցի, կազդի նաև պարենի և վառելիքի համաշխարհային գների բարձրացումը: Վառելիքը կազմում է Հայաստանի 2021-ի ներմուծման 9%-ը:

Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը 2022-ի համար մինչպատերազմյան 5,3%-ից կրճատվել է մինչև 1,2%:

Ըստ զեկույցի՝ միջնաժամկետ հեռանկարում սպասվում է, որ աճը կարագանա 2023 և 2024 թվականներին, բայց ավելի դանդաղ տեմպերով, քան կանխատեսվում էր մինչև պատերազմը:

Ակնկալվում է, որ տնտեսական աճի դանդաղման պատճառով եկամուտների հավաքագրումը կկրճատվի, իսկ ծախսային հատվածի վրա ճնշումը կաճի, հատկապես սոցիալական օգնության ավելացման հաշվին, ինչը կհանգեցնի բյուջետային կոնսոլիդացիայի հետաձգման: Դա կհանգեցնի ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցության ավելացմանը 2022-ի վերջին ՀՆԱ-ի մոտավորապես մինչև 67%-ի չափ, ինչն էլ ավելի կհեռացնի այն օրենքով սահմանված մակարդակից (60%):

Կանխատեսվում է, որ ընթացիկ հաշվի դեֆիցիտը կավելանա արտահանման և զուտ դրամական փոխանցումների կրճատման պատճառով։ Արտահանման աճին կարող է նպաստել զբոսաշրջության եկամուտների ավելացումը, որը կապված է պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքի հետ։

2022-ին բարձր գնաճային ճնշումները կպահպանեն, սակայն ակնկալվում է, որ ԿԲ-ի կողմից գնաճի թիրախավորումը միջնաժամկետ հեռանկարում կկայունացնի գնաճը, քանի որ գների արտաքին ճնշումները թուլանում են:

Ելնելով կանխատեսվող մակրոտնտեսական ազդեցություններից՝ 2022-ին աղքատությունը (օգտագործելով վերին միջին եկամուտների աղքատության գիծը) կարող է հասնել 39,6%-ի։ Խոցելիությունը կարող է մեծանալ տրանսֆերտների նվազման, կոմունալ վճարումների և պարենային ապրանքների գների բարձրացման պատճառով:

Հայաստանի համար կանխատեսումը անորոշ է՝ վարկանիշի հնարավոր իջեցմամբ՝ հաշվի առնելով փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրադրությունը: Ռիսկերը ներառում են Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունը, Ռուսաստանում շարունակվող և ավելի զգալի անկումը, համաշխարհային ապրանքային շուկաներում հետագա խափանումները և Հայաստանի սահմանների շուրջ դեռևս չլուծված աշխարհաքաղաքական խնդիրները: Մյուս կողմից, Ռուսաստանից մարդկանց հոսքը, եթե այն պահպանվի, կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։