Ժամանակավորապես կարգելվի «Կինդերի» ներմուծումը Հայաստան

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը, հայտնում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։

«Ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ»-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ»-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:

«Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման: Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն»,- հայտնում են ՍԱՏՄ-ից։

Մեկնաբանել