Ազգային ժողովի ընդդիմությունը ապրիլի 12-ի հերթական նիստի մեկնարկին լքեց խորհրդարանի դահլիճը՝ ի նշան բողոքի։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ակցիայից առաջ հայտարարեց, թե իշխանություններն անկարող են դիմագրավել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին. «Վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով։ Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում ենք նոր զիջումների, պարտության ու նվաստացման»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը ձեռնպահ կեցվածք է ընդունում, երբ հարցը վերաբերում է Արցախին։
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քննարկումներին, մենք մեկնում ենք Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր»,- հայտարարեց Օհանյանը՝ Արցախի դրոշը տեղադրելով խորհրդարանի ամբոնին։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես միացավ այս նախաձեռնությանը։
Գևորգ Թոսունյան