Երկրապահ եմ, երկրապահ ես, երկրապահ ենք….

Այն պահից, երբ ստեղծվեց «Երկրապահ» կամավորների միությունը, ինձ, վստահ եմ՝ նաև շատերին, հետաքրքրում է մի բան` վերջապես ո՞վ է երկրապահը: Ես այդ կազմակերպության անդամ չեմ, բայց նաև` եմ: Բացատրեմ՝ ինչու: Միայն այն, որ ես դեռ շարունակում եմ ապրել այս երկրում, որտեղ ապրելը, մեղմ ասած, կենաց ու մահու պայքարի է վերածվել, և չեմ հեռանում (արտագաղթում), ուրեմն ոչ ոք ինձանից առավել երկրապահ չի: Ես դասալիքի տեսակ չեմ և չեմ կարող լինել: Բազմիցս մտածել եմ հեռանալու մասին, բայց ամեն անգամ, ատամներս կրճտացնելով, մտափոխվել և շարունակել եմ մաքառել իմ հայրենիքում: Իմ հայրենիքում ապրելը դարձել է հերոսության պես մի բան, և ես այդ միլիոնավոր հերոսներից մեկն եմ: Բայց, ի տարբերություն ոմանց, իմ հերոսությունը ասֆալտային է` քաղաքային: Այ, հենց այստեղ է, որ իմ «հերոսությունն» ուղիղ համեմատական է այն «ասֆալտի ֆիդայիների» հերոսությանը, որոնցից շատերը հայրենիքի կողմից պարգևատրված ԵԿՄ անդամներ են և ունեն բազում արտոնություններ:

Չէի ասի, թե բոլոր ԵԿՄ-ականները երջանիկ են իրենց կարգավիճակով: Նրանցից շատերը ընդամենը գործիք են ոմանց համար և ժամանակ առ ժամանակ օգտագործվում են` ըստ նպատակահարմարության: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ այն բանի, որ ամենաիսկական երկրապահը սահմանին ապրող գյուղացին է, նրա ընտանիքը: Այսօր քաղաքային երկրապահներիս կռիվը կոռումպացված իշխանությունների, հաստավիզ չինովնիկների ու նրանց թիկնազորի անդամների հետ է: Մեր կռիվը խեղված է, որովհետև այն իրական թշնամու դեմ կռվից վերածվել է կռվի` հանուն ներքին թշնամու վերացման, որն օր օրի ավելի անհանդուրժող է դառնում, ավելի լկտի և ավելի ստոր: Անտարակույս, մենք պարտվում ենք այս կռվում, բայց, ինչպես ընդունված է ասել՝ խռխռալով էլ` մինչև վերջին շունչը, կռիվ ենք տալու` ապրելով: Իսկ այնտեղ, որտեղ ապրում են, հողը կշնչի: Հենց այսպես հողը շնչում և ածխածին է փոխանցում նաև քաղաքին, սահմանամերձ շրջաններում բնակվող մեր հայրենակիցների շնորհիվ, որոնք ամեն օր քնում և արթնանում են արտաքին թշնամու դիպուկահարների աչքի առաջ: Ուզում եմ հասկանալ` ինչով են պակաս այս մարդիկ երկրապահներից, երբ երկրի պռնկին գերանդի են քաշում ու կով կթում, ցորեն ցանում և պապական հնձանում գինի գցում: Ուզում եմ հասկանալ` ինչու այս մարդիկ չունեն արտոնություններ, ինչու այս մարդիկ մեր հողը պահելու համար վիրավորվելուց պետք է վճարեն բուժող բժշկին, իսկ ասֆալտի արտոնյալները կարող են օգտվել պետպատվերից…

Հունիսի 1-ին հակառակորդի գնդակից վիրավորված 52-ամյա Վաչե Մելքումյանը, որն ազդրի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, պետպատվերով բուժում չի ստացել: Ավելին` նրանից կլորիկ գումար են պահանջել: Պահանջել, ստացել են գումարը և հանգիստ խղճով արդարանում են, թե կարգն է այդպիսին: Կարգ ասելով` նկատի ունեն օրենսդրությունը, իսկ մենք լավ գիտենք, թե օրենսդրությունը որտեղ և ովքեր են կարկատում:

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, արտաքին թշնամին համարժեք է դառնում մեր ներքին թշնամուն: Թշնամին , իհարկե, թշնամի է: Թշնամին ազգություն չունի: Դա տեսակ է, որ ապրում է ուրիշի հաշվին, յուրացնում է նրա ունեցվածքն ու կարողությունը` նրան դարձնելով իր ծառան: Մի դեպքում թշնամին գրոհում է սահմանից, մյուս դեպքում` ներսից: Իսկ հատկապես ներքին թշնամու համար շատ անհրաժեշտ են ոչ թե իրական, ռամիկ երկրապահները, այլ ասֆալտի տղերքը, որոնք հարկ եղած դեպքում հանդես կգան որպես երկրապահ և կշարունակեն օգտվել այն արտոնություններից, որոնցից պետք է օգտվեին իսկական երկրապահները:

Հարություն Հարությունյան

Մեկնաբանել