ԱԱԾ-ն քննելու է Մոնումենտի հողերի վաճառքի մասին ՍիվիլՆեթի հրապարակումը

Մոնումենտի հողերի վաճառք

Երևանի Ազատության պողոտայում նախկին պաշտոնյաներին պատկանող հողամասերի վաճառքի վերաբերյալ ՍիվիլՆեթի հրապարակումը քննվելու է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող առանձնատան վաճառքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։ Այս մասին Սիվիլնեթին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

ՍիվիլՆեթը ապրիլի 8-ին ներկայացրել էր, թե ինչպես են գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանն ու նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին օտարել իրենց պատկանող հողամասերը՝ չնայած Ազատության պողոտայում գտնվող այս հողամասերի հետ կապված կար արգելանք, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում էր քրեական գործ՝ Մոնումենտի առանձնատների կառուցման ու հողերի ձեռքբերման հետ կապված։

Հրապարակումն ուսումնասիրվել է Գլխավոր դատախազության կողմից և ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ քննության առարկա դարձնելու համար։ Այն քննվելու է մարտի 28-ին հարուցված քրեական գործի շրջանակում, որը վերաբերում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատան վաճառքին։

ՍիվիլՆեթը մարտի 7-ին ներկայացրել էր Աբրահամյանի առանձնատունն արգելանքից հանելու ու վաճառելու պատմությունը։ Առանձնատունը վաճառվել էր գործարար Նարել Նալբանդյանի ընտանիքին, որից հետո դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակային վիճաբանություն էին սկսել՝ միմյանց մեղադրելով գույքի վաճառքը թույլ տալու մեջ։ Այժմ Աբրահամյանի տան վաճառքի գործը քննության առարկա է դարձել ԱԱԾ-ում, այն նորից հետ է վերցվել արգելանքի։