Ալեն Սիմոնյանի կրկնվող ու մոլորեցնող պնդումները

Ալեն Սիմոնյան

Հայկ Հովհաննիսյան

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 11-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ կրկին անդրադարձել է ԱԺ նախագահի համար նոր թանկարժեք մեքենայի, դրա ուղեկցման համար գնված երեք ամենագնացների, ինչպես նաև իր եղբոր կողմից ղեկավարվող ասֆալտապատման ընկերությունների թեմաներերին՝ անելով մի շարք մոլորեցնող և վիճահարույց հայտարարություններ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ներկայացնում է հաղորդման ընթացքում Ալեն Սիմոնյանի կողմից արված խնդրահարույց պնդումները։

Հատկանշական է, որ Սիմոնյանը կրկնել է մի շարք պնդումներ, որոնք արդեն իսկ ստուգվել էին #CivilNetCheck-ի կողմից և մեծամասամբ որակվել որպես մոլորեցնող կամ սխալ։

Տե՛ս՝

Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիաները՝ ծառայողական մեքենաների թվի ու եղբոր բիզնեսների մասին

Ինչն էր ճիշտ և ինչը՝ ոչ Ալեն Սիմոնյանի պնդումներում

Սիմոնյանին ուղեկցում է երեք ավտոմեքենա

Սիմոնյանն անդրադառնում է վերջերս ԱԺ-ի կողմից գնված երեք մեքենաներին՝ պնդելով, որ դրանք իրեն չեն ուղեկցում։ «Ինձ երեք մեքենա չի սպասարկում և երեք մեքենա չի ուղեկցում»,- նշում է Սիմոնյանը։

Քիչ անց Սիմոնյանը, այնուամենայնիվ, ընդունում է, որ մեքենաները գնվել են իր ծառայողական մեքենային ուղեկցելու համար։

«Ինձ երեք մեքենա չի ուղեկցում, մեկը Ազգային ժողովի մեքենան է՝ Ազգային ժողովի սպասարկման համար է, երկուսը՝ անվտանգության աշխատակիցների համար է»,- ասել է Սիմոնյանը։ Լրագրողի պարզաբանող հարցին՝ այսինքն իրեն են ուղեկցում, Սիմոնյանը դրական պատասխան է տալիս․ «Ուղեկցում են այդ մեքենան, որի մեջ ես եմ»։

Բացի այդ, մեքենաները ձեռք բերելու կառավարության ապրիլի 7-ի նախագծով, որով 54 մլն դրամ էր հատկացվել երեք հատ Toyota RAV4 ամենագնաց ավտոմեքենա ձեռք բերելու համար, նշվում էր, որ ԱԺ նախագահին սպասարկող (նոր գնված) BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը։ Այսինքն կառավարությունը երեք մեքենաները գնել է հենց Սիմոնյանի ծառայողական մեքենային ուղեկցելու նպատակով։

Նախկինում ԱԺ նախագահին սպասարկող մեքենան զրահապատ չի եղել

Խոսելով նոր ծառայողական մեքենաների գնման նպատակահարմարության մասին, Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ինքն առաջինն է, ով հրաժարվել է զրահապատ մեքենայից, իսկ նախկինում ԱԺ նախագահներին սպասարկող բոլոր մեքենաները եղել են զրահապատ։

«Նախկինում այդ մեքենաները (խմբ՝ ԱԺ նախագահին սպասարկող) բոլորը եղել են զրահապատ: Ես հրաժարվել եմ այդ զրահապատ գաղափարից․․․»,- պնդել է Սիմոնյանը։

Այս պնդումը կեղծ է, քանի որ առնվազն 2011-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը արդեն իսկ «հրաժարվել» էր զրահապատ մեքենայից, և այդ ժամանակ որոշվել էր նոր մեքենա գնել, որն էլ վերջին տարիներին սպասարկել է ԱԺ նախագահներին։

Վաճառքի հանված՝ ԱԺ նախագահին սպասարկող 2011-ի արտադրության BMW750LI մեքենան, 24 ապրիլ, 2021

Հենց այս՝ 2011-ի արտադրության BMW 750 LI մեքենան է, որը ըստ կառավարության 2021-ի նոյեմբերի 25-ի նախագծի հիմնավորման՝ ԱԺ աշխատակազմը փոխանցել էր պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին։ Կոմիտեն էլ որոշել էր այն օտարել՝ նշելով, որ մեքենան սարքին վիճակում է և վնասվածքներ չունի։

Կառավարության նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ մինչև Պետգույքի կոմիտե փոխանցելը մեքենան սպասարկել է ԱԺ նախագահին։

Հատված կառավարության 2021-ի նոյեմբերի 25-ի նախագծի հիմնավորումից

Բացի այդ, նախկինում Սիմոնյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը դաժան ծեծի էր ենթարկվել, քանի որ մեքենան, որտեղ գտնվել էր, զրահապատ չէր:

«Մենք ունեցանք դեպք, որ իմ ընկերոջը՝ Ազգային ժողովի նախագահին, մեկ տարի առաջ մահափորձ արեցին, եթե նա լիներ զրահապատ մեքենայի մեջ՝ իրան ոչ մի բան չէր լինի»,- հայտնել էր Սիմոնյանը։

Ապրիլի 11-ին Ազատության եթերում ԱԺ նախագահը մեկ այլ խնդրահարույց հայտարարություն է արել՝ պնդելով, թե, Պետգույքի կոմիտեի կողմից վերջերս վաճառքի հանված մեքենան ԱԺ նախագահին սպասարկող մեքենան չի եղել․

«Դա էդ մեքենան չի… էդ մեքենան չի հանվել վաճառքի, որի մասին ես խոսում եմ, որը որ ինձ սպասարկում էր, որը որ զրահապատ էր, էդ որ վաճառվում ա, էդ իմ մեքենան չի, ինձ սպասարկող մեքենան չի, դա Ազգային ժողովի մեքենաներից ա եղել […] չգիտեմ նախկինում ում ա սպասարկել, էդ էդ մեքենան չի, որի մասին մենք խոսում ենք»։

Ինչպես արդեն նշվեց, Պետգույքի կոմիտեի վաճառքի հանած՝ 2011-ի արտադրության BMW 750 LI մեքենան երկար տարիներ սպասարկել է ԱԺ նախագահներին, այդ թվում Արարատ Միրզոյանին։ Ինչպես նշված է Պետգույքի կոմիտեի տեղեկանքում, այն գտնվում է լավ վիճակում։ Եվ փաստացի ցանկության դեպքում կարող էր շարունակել սպասարկել նաև Սիմոնյանին։

Պետական մեքենաների թիվը 60 տոկոսով չի կրճատվել․․․ և ոչ էլ 40 տոկոսով

Շարունակելով նոր թանկարժեք մեքենայի գնման թեման՝ Սիմոնյանը հայտարարել է, թե իբր պետական ավտոմեքենաների թիվն ավելի քան 60 տոկսով կրճատվել է։


«Պետական համակարգի մեքենաների 60 և ավելի տոկոսը կրճատվել է։ Ծախսերը պետական չինովնիկների վրա ահռելի չափով կրճատվել է»,- պնդել է Սիմոնյանը։

Այս պնդումը ԱԺ նախագահը առաջին անգամ չէ անում։ Նախկինում, սակայն, հնչեցված թիվը ավելի համեստ էր՝ 40 տոկոս: CivilNetCheck-ը, ուսումնասիրելով պետական բյուջեի տվյալները, պարզել էր, որ իրականում 2018-ի հեղափոխությունից հետո ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 15 տոկոսով։ 2022-ի բյուջեով դրանց թիվը նախատեսվել է ավելացնելով 10-ով։

Նոր ծառայողական մեքենայի արժեքը 200 000-ից մի քիչ է պակաս

Սիմոնյանը պնդում է, որ նոյեմբերին իր համար գնված մեքենան չարժե 200 000 դոլար, այլ դրանից ավելի քիչ․ «200 հազար չարժե, շատ ավելի քիչ արժի»։

2021-ի նոյեմբերի 25-ին կառավարությունը որոշել էր 90 մլն դրամ տրամադրել ԱԺ նախագահի համար BMW 750Li xDrive LCI դասի ծառայողական նոր ավտոմեքենայի ձեռքբերման համար։ Այդ օրվա փոխարժեքով 90 մլն դրամը կազմում էր 187 414 դոլար։

Սիմոնյանը փորձում էր տպավորություն ստեղծել թե այն «շատ ավելի քիչ» է, քան 200 000 դոլարը, ինչը կրկին մոլորեցնող է։

Այսպիսով, սխալ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պնդումները, որ․

  • իրեն երեք մեքենա չի ուղեկցում,
  • պետական մեքենաների թիվը 60 տոկոսով կրճատվել է,
  • նախկինում ԱԺ նախագահին սպասարկող բոլոր մեքենաները զրահապատ են եղել։