Հայաստանի պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ

Հայաստանի Ազգային ժողովի՝ այսօր Արցախ մեկնած ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող: Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում»,- գրել է Սաղաթելյանը:

Այսօր առավոտյան Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միջև վեճ ծավալվեց Արցախի հարցի հետ կապված։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Արցախի դրոշ փակցրեց ԱԺ ամբիոնին, որը քիչ անց հանեց «Քաղաքացիական պայմանագրի» պատագամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին խորհրդարանի նիստը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ։