Ադրբեջանը փորձում է ապաշրջափակման գործընթացը փակուղի մտցնել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է ապաշրջափակման գործընթացը փակուղի մտցնել՝ ճանապարհների բացումը վերածելով միջանցքային խոսակցության. այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ապրիլի 13-ին վարչապետը Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագրի 2021-ի կատարողականը։ Ծավալուն ելույթի ընթացքում ի շարս այլ հարցերի՝ նա խոսեց նաև ապաշրջափակման մասին՝ հայտնելով, որ ապրիլի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանի շրջափակումն էլ ավելի խորանա․ «Ադրբեջանն այստեղ էլ փորձում է գործընթացը փակուղի մտցնել՝ փորձ անելով ճանապարհների բացման հարցում մեր շահագրգռվածությունը վերածել միջանցքային խոսակցության։ Այս հանգամանքը բացարձակապես անընդունելի է մեզ համար»։

Նրա խոսքով՝ հայկական կողմն այս հարցում պետք է ցուցաբերի առավելագույն ճկունություն՝ միևնույն ժամանակ հստակ պաշտպանելով սկզբունքային դիրքորոշումներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները որոշեցին սկիզբ դնել ապաշրջափակման գործընթացին։ 2021-ի ընթացքում բանակցությունները սկսեցին քննարկել Հայաստանի հարավային երկաթգծի վերագործարկումը։

Գևորգ Թոսունյան