Սոթք-Խոզնավարում տեղի ունեցածը ձախողում էր նաև ՀԱՊԿ-ի համար․ Նիկոլ Փաշինյան

Սոթք-Խոզնավար հատվածում 2021-ի մայիսին տեղի ունեցածը ձախողում էր նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համար. Ազգային ժողովում այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանում, ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի 2021-ի կատարողականը, շեշտեց, որ Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածն անշուշտ զինված ուժերի և կառավարության ձախողումն է. «Բայց այն, թե ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ, ձախողում էր նաև կազմակերպության համար»։

Նրա խոսքով՝ ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրականացնելու որոշում չի իրականացրել՝ «արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտահոգությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունն անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիտորդի կարգավիճակում»։

«Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»,- ընդծգեց Նիկոլ Փաշինյանը։

Այս և այլ խնդիրներ լուծելու համար վարչապետը հիշեցրեց, որ իրենց քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծման համատեքստում։

***

2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանական զինուժը խախտեց Հայաստանի ինքնիշխան տարածքը հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում` Սոթքից (Գեղարքունիք) մինչև Խոզնավար (Սյունիք)։

Ըստ Փաշինյանի՝ այս իրադարձությունների հետևանքով Հայաստանի 45 քառակուսի կիլոմետր տարածք բռնազավթվել է։ Մայիսի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում արտակարգ խորհրդատվություններ սկսելու նպատակով Փաշինյանը դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահին և դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին։

Մայիսի 25-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտնեց, թե հայ-ադրբեջանական սահմանի սրացումը պահանջում է անհապաղ միջոցառումներ, «առաջին հերթին` քաղաքական և դիվանագիտական բնույթի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերի լուծում»:

2021-ի մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, թե իշխանությանը «ՀԱՊԿ գործողությունների արագությունը չի բավարարում»:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել