Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է պայմանավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններով, և դա արտահայտվում է հրապարակային հայտարարություններում․ այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի՝ 2021-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ գործընթացը պիտի լինի առանց նախապայմանների, ու մենք այդպես էլ ընկալում ենք ու այս տրամաբանությամբ ենք շարժվում»,- պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործըթնացը կարող է արագ արդյունքներ չունենալ, բայց մյուս կողմից, եթե արագ արդյունքներ չլինեն, ըստ նրա, գործընթացը կարող է լճանալ։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի միջազգային գործընկերները աջակցում են կարգավորման գործընթացին և այս դաշտում դիմադրություն չկա։
Մարտի 12-ին Անթալիայի Դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացել է Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ-ն հանդիպման արդյունքներով տարածած հաղորդագրությունում նշել է․ «Արտգործանախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների»։