Ապօրինի գույքը պետք է բռնագանձվի ոչ թե հեղափոխական, այլ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ, կարծում է Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցով առաջնորդվել «ոչ թե հեղափոխական, այլ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ»։ Այդ մասին նա հայտարարեց խորհրդարանում՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի հարցին։

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը ստեղծել է Հակակոռուպցիոն կոմիտե, կոռուպցիոն գործերով դատարան, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով որոշ հայցեր արդեն քննվում են դատարանում։

«Ընդամենը նախորդ ամիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով պետական բյուջե է վերականգնվել 15 միլիարդ դրամ։ Հայաստանը ԶՊՄԿ-ի սեփականատեր է, բա դա թալանածի վերադարձ չէ՞, դա էլ է թալանի վերադարձ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ թալանված գումարների վերադարձի տեմպից ինքն էլ գոհ չէ, բայց «բորբոքվածության ու դժգոհության արդյունքում եկել է եզրակացության՝ պիտի ինստիտուտներ լինեն, որ աշխատեն»։

***

ՍիվիլՆեթը ապրիլի 8-ին ներկայացրել էր, թե ինչպես են գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանն ու նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին օտարել իրենց պատկանող հողամասերը՝ չնայած Ազատության պողոտայում գտնվող այս հողամասերի հետ կապված կար արգելանք, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում էր քրեական գործ՝ Մոնումենտի առանձնատների կառուցման ու հողերի ձեռքբերման հետ կապված։

Հրապարակումն ուսումնասիրվել է Գլխավոր դատախազության կողմից և ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ քննության առարկա դարձնելու համար։ Այն քննվելու է մարտի 28-ին հարուցված քրեական գործի շրջանակում, որը վերաբերում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատան վաճառքին։

ՍիվիլՆեթը մարտի 7-ին ներկայացրել էր Աբրահամյանի առանձնատունն արգելանքից հանելու ու վաճառելու պատմությունը։ Առանձնատունը վաճառվել էր գործարար Նարել Նալբանդյանի ընտանիքին, որից հետո դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակային վիճաբանություն էին սկսել՝ միմյանց մեղադրելով գույքի վաճառքը թույլ տալու մեջ։ Այժմ Աբրահամյանի տան վաճառքի գործը քննության առարկա է դարձել ԱԱԾ-ում, այն նորից հետ է վերցվել արգելանքի։

Մեկնաբանել