Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական մտքերը

նիկոլ փաշինյան ԱԺ

Ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին ներկայացրեց կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021-ի տարեկան զեկույցը: ՍիվիլՆեթն առանձնացրել է Փաշինյանի ծավալուն ելույթի հիմնական մտքերը՝ ենթավերնագրերով։

Արցախի կարգավիճակի նշաձողը «մի փոքր իջեցնելու» մասին

44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է: Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել 2021 թվականին: Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են 2021 թվականի հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը. ինչու այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել:

Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի և թե պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ: Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը և թերևս բոլոր՝ թե քաղաքական, թե բարոյական և թե ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի:

Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհաձնելու մեջ: և ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրանում:

Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:

Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին:

Եվ սա չանելն է իմ իրական մեղքը և մեղադրանքի նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Եվ թերևս նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է՝ դա ավելին է քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է:

[…]

Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար:

Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ:

Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել:

Ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման և սահմանազատման մասին

[…] Այո’, ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Ինչ է սա նշանակում գործնականում, ինչ ժամանակացույց, ինչ ձևաչափ՝ դա դեռ պիտի քննարկվի ու որոշվի: Բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո մտնում է մեր պլանների մեջ:

Բայց պիտի ասեմ, որ այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել, դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ: Նույն հաշվարկը մենք ունենք, ի դեպ, նաև դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար` դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի:

Հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները` մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը և գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը: Այս է պատճառը, որ մենք նաև դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչև ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով, և սկսել աշխատանքը:

Ո՞րն է այս հարցում մեր մարտավարությունը: Ճշգրտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն՝ սահմանի ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում և այս հենքի վրա համաձայնության հասնել Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է դելիմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի Հանրապետության տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա, որովհետև վերևում արդեն նշեցի՝ նման գործելակերպի վտանգների մասին:

Բրյուսելից հետո իմ հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել եմ զորքերի հայելային ետքաշման առաջարկից: Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային ետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել և մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության և կայունության որոշակի մակարդակ կա, ինչը ցավոք չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին:

Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաև մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն: Դրա համար, ինչպես և ասել եմ կառավարության մարտի 31-ի նիստում, մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել և Բրյուսելում ցուցաբերել ենք այդ ճկունությունը՝ հույս ունենալով, որ միջազգային հանրությունը առավել ուշադիր կլինի սահմանի երկայնքին տիրող անվտանգային միջավայրին:

Ուզում եմ ընդգծել, որ Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծման վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները, բայց այս ամենը նաև հիմք է ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Արևմտյան և թե՛ մյուս գործընկերները իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին:

Հարկ եմ համարում նշել, որ դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, ինչպես կարելի է կռահել անվանումից, ունենալու է կրկնակի մանդատ: Առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաև՝ սահմաններում անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ: Անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաև միջազգային փորձագիտական ներուժ ներգրավվել:

Տեղեկացնեմ նաև, որ հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձևաչափի և անհատական կազմի վրա և ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք անհատական կազմը հստակեցնել: Այս ընթացքում մեր համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ և ընդհանուր հայտարարի հասնեն կազմակերպչական այս հարցում:

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին

[…] Ս/թ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը մեզ է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

Այդ սկզբունքները հետևյալն են.

– փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում և հարգում,

– միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում և դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ,

– միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար, այդ թվում ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն,

– սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա և դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

– տրանսպորտային և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձևով քննարկել ենք, և արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ՝ դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռևս 1992 թվականին Անկախ պետությունների համագործակցություն ձևավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով, և այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է:

Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության մասին

Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: և հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:

Եվ հետևաբար՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին, և այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Ինչն է կարևոր արձանագրել այս իրավիճակում՝ մի շատ կարևոր նրբություն: Որ եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած, մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները:

Ուզում եմ ընդգծել՝ այս հարցում Հայաստանի վարած քաղաքականության մեջ առկա ևս մեկ նորամուծություն: Ինչպես սահմանագծման դեպքում, ԼՂ կարգավիճակի հարցում էլ մեզ համար չափազանց կարևոր է հայաստանյան դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդումը ու այս առումով էական է այն դատական հայցի հանգուցալուծումը, որը Հայաստանը 2021թ. սեպտեմբերի 16-ին ներկայացրել է ընդդեմ Ադրբեջանի՝ Արդարադատության միջազգային դատարան: Հայցը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի վրա, և մենք հույս ունենք, որ հայցի հանգուցալուծումը, որը ցավոք շատ արագ չի լինի, էական գործոն կդառնա Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ոլորտում և կբարձրացնի ԼՂ կարգավիճակի մասին միջազգային հանրության ունեցած պատկերացումների նշաձողը:

Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի մասին

[…] Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժելու պատմությունը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ և զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը նրա հիմնական և առանցքային խնդիրներից է:

Այստեղ, իհարկե, հարցեր են առաջանում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված: Բայց այս պահին կարևոր ենք համարում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար:

Սա բացարձակ անհրաժեշտություն է և լրջագույն փորձություն Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համար: Ի դեպ՝ այստեղ ուզում եմ զեղում անել տեքստից և ասել, որ տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հարապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Ինչո՞ւ է տարակուսանքի տեղիք տալիս: Որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը: Եվ ի դեպ՝ ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ Ազգային ժողովի պատգամվորների շարժն արգելելու կամ արգելափակելու, որովհետև հենց դա դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Եվ ասվածին կարող ենք այս նրբությունը նույնպես ավելացնել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավվածության մասին

Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ: Այս տեղեկատվության հրապարակումից հետո մեր հասցեին հնչեց քննադատություն, թե մենք փաստորեն հրաժարվել ենք ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից:

Իրականությունը մի փոքր այլ է: Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, պաշտպանում ենք այդ գաղափարը, բայց նաև գիտեք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Այդ լարվածությունը, ի դեպ, սկիզբ էր առել դեռ 2011 թվականին՝ Սիրիայի իրադարձություններից, ինչը անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանային զարգացումների վրա: Եվ հիմա էլ այդ լարվածությունը հաշվի առնելով՝ մենք չենք կարող պասիվ սպասել համանախագահության գործողություններին, մյուս կողմից երկկողմ խոսակցությունների մեկնարկը որևէ կերպ չի արգելում համանախագահության ներգրավումը գործընթացում: Եվ մենք պաշտպանելու ենք այդ գաղափարը:

Եվ այո՛, մեր համոզմունքն այն է, որ գործընթացի նախապատրաստությունը պետք է մեկնարկել անհետաձգելիորեն, և պետք է հուսալ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կկարողանան տրված հանձնարարականները պատշաճ ժամանակում կատարել: Կարևոր է արձանագրել, որ այսօր ողջ միջազգային հանրությունը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում և այս պատեհությունը պետք է իսկապես օգտագործել:

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին

[…] Գիտեք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ: Սա չի խանգարում, որ այս հարցը մենք քննարկենք նաև ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ: Նաև՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվեցինք ակտիվացնել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները:

Ադրբեջանը, ի դեպ, այստեղ էլ փորձում է գործընթացը փակուղի մտցնել, ճանապարհների բացման հարցում մեր շահագրգռությունը փորձ անելով վերածել միջանցքային խոսակցության: Բայց ինչպես բազմիցս արձանագրել եմ, այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է մեզ համար: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգը իրականացնել այնպես, որ դրա արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը՝ ավելի խորանա: Կամ էլ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա: Այս է պատճառը, որ մենք այս հարցում պիտի ցուցաբերենք մաքսիմալ ճկունություն միևնույն ժամանակ հստակ պաշտպանելով մեր սկզբունքային դիրքորոշումներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

2021-ի մայիսին Ադրբեջանի սահմանային ոտնձգությունների մասին

Ելույթի սկզբում խոստացա խոսել նաև 2021 թվականի մեր ձախողումների մասին և որպես այդպիսին պիտի հիշատակեմ 21 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում: Ինչու այդ ձախողումը տեղի ունեցավ: Այս հարցի պատասխանը ստանալու համար թերևս տեղի ունեցածը պետք է դիտարկել դրան նախորդած մի շարք կարևոր իրադարձությունների խորապատկերում:

2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով և մեր երկիրը թևակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ և միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի Պետական ինստիտուտները և պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական և ետընտրական քաոսի հարուցումը և ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաև Հայաստանի ժողովրդավարության վրա:

Բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց, կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ, ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ Հայաստանի կառավարության շենքի վրա, ի վերջո հասավ իր նպատակին և պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, ինչ կատարվում է սահմանին, այլ այն, թե ինչ կատարվում է Հանրապետության Հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում:

Զինված ուժերի քաղաքականացումը, ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը և երբ հետահայաց վերլուծում ենք շատ իրադարձություններ, երբեմն տպավորություն է, թե ռազմական անհաջողությունները ոմանց պարզապես անհրաժեշտ են Հայաստանում իշխանափախության շարժառիթ ձևակերպելու համար: Իհարկե, սա կարող է կոնսպիրոլոգիա թվալ, որը ոչ մի կոնկրետ փաստով հիմնավորված չէ, բայց վերլուծությունները հանգեցնում են նման մտքերի: Մի շարք բարձրաստիճան զինվորականների բացահայտ հայտնվելը ընդդիմադիր դաշտում՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո և գործնականում էլ դրանից առաջ, հաստատում են այն վարկածները, որոնց մասին խոսել եմ հայտնի իրադարձություններից առաջ:

Նրանցից շատերը այսօր ընդդիմադիր ելույթներ են ունենում, մինչդեռ իրենք են եղել անձնական պատասխանատուն մի շարք ձախողումների, որոնց համար մեղադրում են կառավարությանը:

Ամեն դեպքում, հենց բանակի երկարամյա քաղաքականացումը, նրա լիարժեք ներգրավումը կոռուպցիոն շղթաներում դարձան այն համակարգային խոցերից, որոնք մեզ կանգնեցրին աղետի առաջ: Ու նկատի ունեմ ոչ միայն ուղիղ, այլև հարակից էֆեկտները: Վերը նկարագրված անպատասխանատվության, քաղաքականացման և ընդդիմադիրացման ֆոնին է, որ ինչպես բոլորովին վերջերս պարզվեց, Հայաստանի զինված ուժերում Ադրբեջանի կողմից ձևավորված լրտեսական ցանցեր են գործել:

Սա մենք կարող ենք ասել Ազգային անվտանգության ծառայության այս պահին իրականացրած բացահայտումների վրա հիմնվելով, որոնք արդեն լրջագույն հարցեր են առաջացնում:

Բայց ակնհայտ է, որ քաղաքականացման հետևանքով բանակի շուրջ մեկուկես ամսվա կաթվածահար վիճակը 2021 թվականի փետրվար-ապրիլին ուղիղ հետևանք ունեցավ ի դեմս Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման և այդ իրադարձությունները ավելի հրատապ դարձրին բանակի բարեփոխումների օրակարգը, որի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի բանակի պրոֆեսիոնալացումը, ժամկետային զինծառայության համակարգը վերափոխելով պահեստազորի պարբերական հավաքների, մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմա իրականացնում ենք եռամսյա վարժական հավաքները: Իդեալում դա մեկ մարդու կյանքում պիտի կրկնվի մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:

Ադրբեջանի սահմանային ոտնձգություններին ՀԱՊԿ-ի արձագանքի մասին

Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը անշուշտ Զինված ուժերի և կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ ձախողում էր նաև կազմակերպության համար: Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչև օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել, արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի, մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հատվածում իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետևանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները ցավոք միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռևս 90-ականների սկզբից ևս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում և ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում:

«Խաղաղ դարաշրջան բացելը պետական ռազմավարություն է»

Այս բոլոր փաստերից անդին, հաջողություններից ու ահնաջողություններից այնկողմ ու վեր, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման մեր մտահոգությունն է ու առավել քան սրված դարակազմիկ մարտահրավերները: Մեզնից անսովոր և գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու համար և պիտի խոստովանենք, որ այս ոլորտում հուսալի երաշխիքների համակարգ դեռևս չենք կարողացել ստեղծել:

Բայց մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Այս նպատակի իրագործման, Խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար Կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ և բալանսավորված քաղաքականություն և մենք մեր ժողովրդից շարունակական աջակցությունն ենք ակնկալում այս կենսական խնդիրը լուծելու համար:

Մենք չենք ուզում իրավիճակի մեղմասացությամբ հանդես գալ մեր ժողովրդի առաջ և բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջև: Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ:

Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից պատմական մեզ հայտնի հանգրվանով չավարտել, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր է լիարժեք համախմբում մեր պետության ու պետական ինստիտուտների շուրջ, մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական ու ազգային միասնություն: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի:

Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստն ամբողջությամբ՝ այստեղ։

Մեկնաբանել