Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Քննարկել ենք այն, ինչը վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է նաև Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով»,- ասաց Միրզոյանը։

Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

***

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

***

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: