«Ռուսական կողմը ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրել՝ սադրանքներից խուսափելու համար»

Ռուսաստանի իշխանությունները հայկական կողմին պարզաբանել են, որ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների մուտքը չի թույլատրվել Արցախ՝ հնարավոր սադրանքներից խուսափելու նկատառումով․ ապրիլի 13-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ մասին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Ղարաբաղ, կապի մեջ ենք եղել Ռուսաստանի իշխանությունների, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, ու մեզ հավաստիացրել են, որ Ղարաբաղ մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով»,- պարզաբանեց Միրզոյանը։

Վերջինս նաև ասաց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքով շարժի սահմանափակում ՀՀ քաղաքացիների համար չկա ու չի կարող լինել․ ԱԺ պատգամավորները պիտի անարգել մուտք ունենան Ղարաբաղ։

Ռուս խաղաղապահները ապրիլի 12-ին Հայաստանի խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մի խումբ պատգամավորների առանց բացատրությունների չեն թույլատրել մուտք գործել Արցախ։

Թեմային ապրիլի 13-ին՝ ավելի վաղ, ԱԺ-ում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։