Արցախում մտահոգված են Փաշինյանի հայտարարության կապակցությամբ․ Հարությունյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել․ այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Երկրի ղեկավարը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է Նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ»:

***

Ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին ներկայացրեց կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021-ի տարեկան զեկույցը: Նա նաև խոսեց Արցախի կարգավիճակից․

«Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նույն միջազգային հանրությունը ցանկանում է, որ Հայաստանը «մի փոքր իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը»։

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ:

Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել