Խաղաղության դարաշրջանը տարածաշրջան կգա Արցախի հայաթափմամբ

Լուսանկարում՝ 2020-ի պատերազմի պատճառով ՀՀ տեղափոխված հազարավոր արցախցիներ Երևանի հարավային ավտոկայանից վերադառնում են Արցախ։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 13-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում, հերթական անգամ մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ: Փաշինյանի ամենաքննարկվող հայտարարությունը վերաբերում էր միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու պահանջին: Փաշինյանն իր խոսքի այդ հատվածում մասնավորապես նշեց․

«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, մեզ վրա հույս չդնեք, ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:

Փաշինյանի այս ելույթն ու հայտարարությունը մի գործընթացի մաս է, որը մեկնարկել է 2021-ի ամռանը: Նախորդ տարվա հունիսի 19-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արցախյան օրակարգը բավական համարձակ էր: ՔՊ-ի ծրագրի՝ Արցախին նվիրված հատվածում հստակ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման միջոցով»։ Ծրագրում նշված էր նաև, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Իշխող ուժը խոստանում էր իր օրակարգում պահել նախկին ԼՂԻՄ-ի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի խնդիրը:

Այնուամենայնիվ, խորհրդարանական արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակից ընդամենը երկու ամիս անց վերոնշյալ երեք դրույթներից երկուսը՝ ԼՂ ինքնորոշում՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման միջոցով և բռնազավթված տարածքների դեօկուպացիայի մասին կետը տեղ չգտան կառավարության ծրագրում:

Արտահերթ ընտրությունների ու կառավարության ծրագրի ընդունման միջև ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք 180 աստիճանով փոխել են իշխող ուժի մոտեցումները Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հենց այդ ժամանակահատվածում էր Հայաստանին առաջարկվել ԼՂ կարգավիճակի հարցում հրաժարվել նախկին դիրքորոշումներից և «իջեցնել նշաձողը»:

Նախ, 2021-ի հունիսի 24-26-ին Հարավային Կովկաս ժամանեցին Ռումինիայի, Ավստրիայի ու Լիտվայի արտաքին գործերի նախարարները: Այցը ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն հայտարարել էր, որ երկրի հետագա արդիականացումն ու ժողովրդավարացումը պետք է դառնան Հայաստանի նոր ռազմավարական նպատակը: Այս հայտարարության չհնչեցված հատվածը ենթադրում էր, որ Երևանը աստիճանաբար պետք է վերանայի իր առաջնահերթությունները՝ հրաժարվելով Արցախյան հիմնահարցում իր որոշ պահանջներից ու դիրքորոշումներից: Սա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Արևմուտքում ակտիվորեն տարածվող խոսույթ էր:

Արտգործնախարարների այցից հետո հուլիսի 8-9-ին տարածաշրջան ժամանեց Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին: Հուլիսի 9-ին Երևանում տեղի ունեցած ասուլիսին Վարհեին հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանին 1,6 միլիարդ եվրո է հատկացնելու մի շարք առաջնահերթ հատուկ ծրագրերի իրականացման համար ու այլ աղբյուրներից ևս 1 միլիարդ եվրո է հավաքագրվելու Հայաստանին տրամադրելու համար:

Արդեն հուլիսի 17-18-ին տարածաշրջան այցելեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այս այցով մեկնարկ տրվեց հայ-ադրբեջանական համատեքստում Եվրամիության միջնորդական առաքելությանը:

ԵՄ պաշտոնյաները ամենայն հավանականությամբ Երևան կատարած իրենց այցերի ընթացքում Հայաստանի իշխանություններին փորձում էին բացատրել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի հարցի բարձրացումը խելամիտ չէ: Փոխարենը Հայաստանին հավանաբար առաջարկվել է մեղմացնել իր դիրքորոշումը և համաձայնել Ադրբեջանի կազմում ԼՂ որևէ կարգավիճակի: Իսկ Հայաստանի ու Արցախի շուրջ միջազգային հանրության կոնսոլիդացիան, որի մասին Փաշինյանը նշեց ապրիլի 13-ի իր ելույթում, արտահայտվելու էր 2,6 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության տեսքով ու տնտեսական զարգացման խոստումներով:

ՀՀ իշխանությունները ակնհայտորեն ընդունել են ԵՄ այդ պայմանները, քանի որ Լեռնային Ղարաբաղի համար անկախ կարգավիճակի հասնելու հարցում առանձնակի հեռանկարներ չէին տեսնում:

Այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում վերջին կես տարվա ընթացքում Ղարաբաղյան հարցի շուրջ հանրային խոսույթներում, այս գործընթացի ուղիղ հետևանքն էր: Իշխանական տարբեր գործիչներ պարբերաբար հանրությանը փորձում էին հրամցնել այն գաղափարը, որ Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակը պետք է ընդունելի տարբերակ լինի հայկական կողմի համար: Նույն նպատակն էին հետապնդում նաև նախորդ տարեվերջի Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ասուլիսները, որոնց ընթացքում ՀՀ վարչապետը պարզապես կրկնում էր հակամարտության վերաբերյալ մի շարք ադրբեջանական թեզեր: Ապրիլի 13-ին Փաշինյանը արդեն ավելի բաց տեքստով խոսեց իր նպատակների մասին: Այս հարցով նրա ելույթները մոտ ապագայում ամենայն հավանականությամբ ավելի անկեղծ են դառնալու:

Եվրամիության այս դիրքորոշումը ևս ընկալելի է: Բրյուսելը առաջնորդվում է խիստ պրագմատիկ սկզբունքներով: ԵՄ-ին Հարավային Կովկասում առաջին հերթին խաղաղություն ու հանգստություն է պետք: Այդ առումով եվրոպացի պաշտոնյաներին այդքան էլ հետաքրքիր չէ, թե խաղաղությունը որ կողմի շահերի զոհաբերման հաշվին է հաստատվելու:

Ի դեպ, Փաշինյանի ելույթից ժամերից անց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրառում արեց՝ կարևորելով ՀՀ վարչապետի ելույթը Ազգային ժողովում: Կլաարը նշել է, որ համապարփակ կարգավորման ճանապարհին դեռևս շատ մարտահրավերներ կան, սակայն կարևոր է առաջ շարժվել, և Հայաստանը ունի Եվրամիության աջակցությունը արդար խաղաղության փնտրտուքներում:

Այս պարագայում կարևոր է նաև հասկանալ Ադրբեջանի դիրքորոշումը վերոնշյալ գործընթացում: Բաքուն այս փուլում կարծես թե որդեգրել է առավելապաշտական մոտեցում և պատրաստ չէ քննարկել նույնիսկ ԼՂ կարգավիճակի հարցը Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են պնդել, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված է, իսկ «Լեռնային Ղարաբաղ» անվանմամբ նույնիսկ վարչատարածքային միավոր գոյություն չունի: Այնուամենայնիվ, չի կարելի բացառել, որ նույն ԵՄ կողմից տարատեսակ խոստումների առկայության դեպքում Բաքուն կարող է ժամանակավորապես մեղմացնել իր մոտեցումները: Այս հարցում սակայն չափազանց կարևոր է լինելու նաև Մոսկվայի դիրքորոշումը։ Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ այս գործընթացի հաջողության դեպքում Լեռնային Ղարաբաղին սպառնալու է ամբողջական հայաթափում: Արցախի հայերը պատրաստ չեն ընդունել որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և իրադարձությունների այդպիսի զարգացման պարագայում պարզապես ինքնակամ լքելու են իրենց տները: Խաղաղության դարաշրջանը տարածաշրջան է գալու Արցախի էթնիկ զտմանը զուգընթաց:

Մեկնաբանել