«Վրացական երազանքը» Ուկրաինային պահանջներ է ներկայացրել՝ որպես Բուչա այցելելու նախապայման

Իրակլի Կոբախիձե, պաշտոնական լուսանկար

Իրակլի Կոբախիձե, պաշտոնական լուսանկար

Թաթա Շոշիաշվիլի, ОC Мedia

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահը մի շարք պահանջներ է փոխանցել Ուկրաինայի կառավարությանը, ներառյալ մի քանի մարդկանց աշխատանքից հեռացնելը, նախքան կուսակցությունը կքննարկի ուկրաինական Բուչա քաղաք «բարձր մակարդակի» պատվիրակություն ուղարկելու հարցը՝ ուսումնասիրելու ռուսական ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցները:

Երկուշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ Իրակլի Կոբախիձեն բավական շատ է դժգոհել «Ուկրաինայի կառավարության կողմից ձեռնարկված մի շարք վիրավորական քայլերից»։

Կոբախիձեն երեք «հստակ նախապայման» է ներկայացրել, որոնք բավարարելու դեպքում միայն կուսակցությունը բարձրաստիճան պաշտոնյաներ կգործուղի Ուկրաինա։

«Հենց տեսնենք, որ այս հարցում փոփոխություն է արձանագրվում, նոր միայն կմտածենք բարձր մակարդակի այց դիտարկելու մասին»,- ասել է նա:

Առաջին նախապայմանը վերաբերում է Վրաստանում Ուկրաինայի դիվանագիտական առաքելության հետ կապված իրավիճակը կարգավորելուն։ Վրաստանում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, ինչպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է ձևակերպել, ռուսական ներխուժման հարցում Վրաստանի կառավարության «անբարոյական դիրքորոշման» պատճառով: Դեսպանն ավելի ուշ ազատվել է աշխատանքից, իսկ նոր դեսպան չի նշանակվել։

Երկրորդ պահանջն այն է, որ Ուկրաինան կա՛մ պետք է ապացույցներ ներկայացնի, կա՛մ հրաժարվի անհիմն պնդումից, թե վրացական իշխանությունները Ռուսաստանին թույլ են տալիս Վրաստանի միջոցով խուսափել պատժամիջոցներից:

Երրորդ նախապայմանը, որը ըստ Կոբախիձեի՝ «թերևս ամենահիմնական խնդիրն» է, որ Ուկրաինան պետք է «սկսի կարգավորել», այն է, որ «[վրացական] արմատական ընդդիմության առաջնորդները բարձր ներկայացվածություն ունեն Ուկրաինայի կառավարությունում»:

Նա պնդել է, որ հենց դա է «կեղծ մեղադրանքների, դեսպանի հետկանչման պատճառը և այլն»:

Կոբախիձեն ասվածի «չորս ակնառու օրինակ» է նշել. «[Միխեիլ] Սաակաշվիլին, որը Ուկրաինայում Բարեփոխումների խորհրդի ղեկավարն է, [Զուրաբ] Ադեիշվիլին՝ Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդականը, [Գիորգի] Լորտկիպանիձեն՝ Հակահետախուզության ղեկավարի տեղակալը, և [Դավիթ] Արախամիան այն մարդն է, որն ուղիղ կապ է ապահովում այս մարդկանց և Ուկրաինայի կառավարության միջև ամենաբարձր մակարդակով»:

Առաջին երեքը բոլորն էլ պաշտոնավարել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունում, մինչդեռ Արախամիան, որը ծնվել է Սոչիում, Ուկրաինա է տեղափոխվել մանուկ հասակում՝ փախչելով Աբխազիայի պատերազմից: Արախամիան Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն է և Ռուսաստանի հետ բանակցող թիմի անդամ:

Հաջորդ օրը Կոբախիձեն պարզաբանել է, որ իսկապես պահանջում է, որ իր նշած մարդիկ հեռացվեն աշխատանքից, սակայն պնդել է, որ «խոսվում է երեք մարդու աշխատանքից հեռացնելու մասին», չնայած ինքը նույն համատեքստում հստակ չորս մարդու անուն է տվել:

«Խոսվում էր երեք մարդու աշխատանքից ազատելու մասին՝ իշխանությունների միջև մաքուր հարաբերություններ պահպանելու համար։ Երեք մարդու մասին էր խոսվում, նրանք նշեցին չորրորդին՝ Արախամիային, ինչը սուտ է»,- ասել է նա։

Երեքշաբթի իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքը հաղորդել է, որ «Վրացական երազանք» կուսակցության երեք անդամ կմիանա Ուկրաինա մեկնող միջկուսակցական պատվիրակությանը. խորհրդարանի փոխնախագահներ Արչիլ Թալակվաձեն և Դավիթ Սերգեենկոն և պատգամավոր Բեկա Օդիշարիան:

Ընդդիմությունից կլինեն «Քաղաքացիներ» կուսակցության պատգամավոր Լևան Իոսելիանին, «Ռազմավարություն կառուցող» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջատար պատգամավոր Խատիա Դեկանոիձեն: «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ խորհրդարանական յուրաքանչյուր կուսակցությունից առնվազն մեկ ներկայացուցիչ կմիանա պատվիրակությանը:


«Ոչ պատշաճ հրավեր»

Ուկրաինայի և Վրաստանի կառավարությունների միջև վեճը շարունակվում է պատերազմի սկզբից ի վեր։ Ուկրաինայի նախագահը մի շարք հարցերում քննադատել է Վրաստանին, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ նրանց դիրքորոշման և ուկրաինացիների օգտին կռվելու նպատակով Ուկրաինա վրացի կամավորների մեկնելուն խոչընդոտելու փորձի համար։

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովն ուրբաթ ասել է, որ ինքը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին հրավիրել է այցելել Բուչա։

Facebook-ի իր էջում Պապուաշվիլին գրել է, որ նկատի ունենալով բոլոր հարցերը, որոնց վերաբերյալ ուկրաինական և վրացական իշխանությունները տարբեր դիրքորոշումներ ունեն, «պաշտոնական հրավերը պատշաճ չէ, մինչդեռ այդ հարցերը մնում են չպարզաբանված»։

Նա գրել է, որ Վրաստանի կառավարությունն արժանի չէ նրան, որ «Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները վրաց ժողովրդի և կառավարության միջև տարբերություն դնելու փորձ անեն»։

Վրաստանում զայրույթի ալիք է բարձրացել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վերաբերյալ կառավարության դիրքորոշման պատճառով։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Ի պատասխան երկուշաբթի Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը քննադատել է Պապուաշվիլիին՝ մեջբերելով բարեկամության մասին վրացի բանաստեղծ Շոթա Ռուսթավելիի հեղինակած մի քառյակ։

Մեկնաբանել