Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքում են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունները։ Այս մասին ապրիլի 13-ին ամենշաբաթյա ճեխազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դերակատարությանը։

«Ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքը կազմում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունները»,- ասել է նա։

Զախարովան նկատել է, որ ապրիլի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է այդ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը։ Նա նշել է, որ ԼՂ, Հայաստան-Ադրբեջան կարգավորման թեմային անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով։

«Նշված շփումների ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հետ առնչվող հարցեր։ Ռուսաստանը կշարունակի բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Զախարովան:

Մեկնաբանել