Պատերազմի արդյունքում Սյունիքի Տեղ համայնքը մնացել է առանց վարելահողերի ու արոտավայրերի

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի համայնքները կորցրել են արոտավայրերի ու վարելահողերի մեծ մասը, ինչն անասնապահական լուրջ խնդիր է առաջացրել։ Այդպիսի համայնքներից է Տեղը, որի բնակավայրերից Արավուսը կորցրել է շուրջ 64 հեկտար վարելահող, այդ թվում՝ արոտավայրեր, որոնք անցել են ադրբեջանական կողմին։ ՍիվիլՆեթն այցելել է Տեղ, զրուցել համայնքների բնակիչների հետ։

Արավուսի բնակիչ Նվեր Հայրապետյանն ասում է՝ արոտավայրերի բացակայության պատճառով անասուններին արածեցնելու տեղ չունեն։

«Դե արդեն արոտ չունենք։ Անասնապահությունը քչացել է, էլ մարդիկ որտե՞ղ տանեն, անասունը պահեն։ Մանր եղջերավոր անասուններ գյուղում ընդհանրապես չկան, որովհետև արոտավայր չունենք, իսկ խոշորն էլ մի քանի հոգի ունեն, բայց հիմա կանաչը դուրս է եկել, անասուններին պիտի հանեն դաշտը, բայց չգիտեն` որտեղ տանեն պահեն: մի 500 մետր այն կողմ թուրքն է, եկել ու մեր դաշտի մեջ նստել են, GPS-ով (խմբ․ – գլոբալ տեղորոշման համակարգ) ասում են՝ այս տարածքը մերն է» ,- ասում է նա։

Նույն խնդրին է բախվել նաև Տեղ համայնքի մեկ ուրիշ բնակավայր՝ Կոռնիձորը, որի բնակիչները նույնպես արոտի համար տարածք չունեն։

«Մարդ 100 գլուխ անասուն պահի, բայց ջրի գնով վաճառի։ Էլ ի՞նչ պիտի անենք, մեկը-երկուսը չեն կարողացել պահել, բոլորը ծախել են», – ասում է համայնքի բնակիչը։

Հարցին, թե ինչո՞ւ է վաճառել, պատասխանում է․ «Տարածք չունենք․ համ անվտանգ չէ, համ էլ արոտ չկա։ Առաջ Արցախի տարածքում էինք պահում, հիմա այդ տարածքները գրավել են, տարածք չունենք, արոտ չունենք», – ասում է համայնքի բնակիչը։

Կոռնիձորում անասնապահությունը մեծ խնդիրներով է շարունակվում։ Համայնքի վարչական ղեկավարը սա կապում է արոտավայրերի՝ հակառակորդի նշանառության տակ լինելու հանգամանքի և տարածքների կորստի հետ։

«Շարունակվում է անասնապահությունը, բայց մեծ խնդիրներով, որովհետև պատերազմից հետո մեր հողերի մեծ մասը, արոտների մեծ մասը, գտնվում է նրանց նշանառության տակ, որոշ մասը իհարկե անցել է, ներքևի մասը անցել է նրանց վերահսկողության տակ», – ասում է համայնքի ղեկավար Լուսինե Քարամյանը։

Էմիլիա Խաչատրյան, Գորիս

Մեկնաբանել